Հայաստանը վերահսկում է աֆրիկյան ժանտախտի՝ երկիր ներթափանցելու հետ կապված իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը վերահսկում է աֆրիկյան ժանտախտի երկիր ներթափանցման հետ կապված իրավիճակը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանն ասաց Սննդամթերքի անվտանգության և անասնաբուժության պետական տեսչության պետի տեղակալ Գևորգ Թովմասյանը՝ մեկնաբանելով Ռուսաստանի հարավում աֆրիկյան ժանտախտի բռնկումը։
«Բավականին խիստ վերահսկողություն է իրականացվում ներկրվող մսի և մսամթերքի նկատմամբ, մասնավորապես, խոզի մսի, և եթե որևէ շրջանում հիվանդության դեպքերի մասին տեղեկատվություն ենք ստանում, մսամթերքի ներկրումն արգելվում է»,- ավելացրեց նա։ Թովմասյանը հայտնեց, որ տվյալ պահին հանրապետությունում խոզերի շրջանում աֆրիկյան ժանտախտի դեպքեր չեն գրանցվել։
«Ինչպես հայտնի է, աֆրիկյան ժանտախատը չի բուժվում, այդ իսկ պատճառով պրոֆիլակտիկ միջոցներ են ձեռնարկվում, անցկացվում են ստուգումներ ու հետազոտություններ»,- ասաց Թովմասյանը։
Նրա խոսքերով, վերջերս պետպատվերի շրջանակներում խոզերի լրացուցիչ պատվաստում է կատարվել դասական ժանտախտի դեմ, որը նման է աֆրիկյանին։
2007 թ.-ին աֆրիկյան ժանտախտի բռնկման արդյունքում ՀՀ գյուղատնտեսությունը զգալի վնասներ կրեց. սպանվեց և սատկեց շուրջ 20 հազար գլուխ խոզ, այսինքն խոզերի ընդհանուր գլխաքանակի 10-11 տոկոսը։
Աֆրիկյան ժանտախտի՝ Հայաստան ներթափանցելու առաջին դեպքը գրանցվել է 2007 թ.-ի օգոստոսի 7-ին Տավուշի և Լոռու մարզերում, իսկ վերջինը գրանցվել է 2008 թ.-ի հունվարի 15-ին Տավուշի մարզում։
Խոզերի աֆրիկյան ժանտախտը կամ Մոնթգոմերի հիվանդությունն առաջին անգամ գրանցվել 1903թ. Հարավային Աֆրիկայում։ Հիվանդությունը մարդկանց չի փոխանցվում, սակայն խորհուրդ չի տրվում օգտագործել վարակված խոզերի միսը, քանի որ դա կարող է թունավորել օրգանիզմը։
Բնական պայմաններում հիվանդության նկատմամբ առավել զգայուն են տնային և վայրի խոզերը, վարակը փոխանցվում է առողջ և հիվանդ խոզերի շփման ժամանակ, վարակը տարածվում է հիվանդ կենդանիների արտազատումներով աղտոտված կերի, արոտավայրի, տրանսպորտային միջոցի միջոցով։ Վարակակիրներ կարող են լինել նաև վայրի թռչունները և կենդանիները, ինչպես նաև շները։ --0—