ԵԽԽՎ-ն Հայաստանի նկատմամբ երկակի չափանիշներ է կիրառում. պատգամավոր
ԵԽԽՎ-ն Հայաստանի նկատմամբ երկակի չափանիշներ է կիրառում, կարծում է Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության անդամ Ռաֆիկ Պետրոսյանը։
«Կան շատ պետություններ, մասնավորապես Ադրբեջանը, որտեղ ազատությունների հետ կապված գործերը ամենևին էլ լավ վիճակում չեն և որտեղ պաշտոնապես կան քաղբանտարկյալներ, սակայն այս երկրների նկատմամբ Եվրոպայի Խորհուրդը որևէ պատժամիջոց չի կիրառում», - ասաց նա։
Պատգամավորի կարծիքով, Հայաստանի նկատմամբ երկակի չափանիշները կարելի է կապել Վրաստանում տեղի ունեցած օգոստոսյան դեպքերի հետևանքով արևմտյան երկրների և Ռուսաստանի միջև հարաբերությունների վատթարացման հետ։
«Քանի որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է, ապա հարվածը մեզ է ուղղվում։ Եվրոպային անհրաժեշտ է գիտակցել, որ Հայաստանը ինքնավար և անկախ պետություն է՝ իր շահերով և արտաքին-քաղաքական առաջնահերթություններով», - նշեց Պետրոսյանը։
ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովը մարտի 1-2-ի դեպքերի հետաքննության կապակցությամբ դեկտեմբերի 17-ին առաջարկել է ութ հոգուց բաղկացած հայկական պատվիրակությանը զրկել ձայնի իրավունքից։ Որոշումն ընդունվել է Ժորժ Կոլոմբյեի ու Ջոն Պրեսկոտի՝ Հայաստանի կողմից ԵԽԽՎ 1609 և 1620 բանաձևերի պահանջների իրականացման վերաբերյալ զեկույցի հիման վրա:
Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում հայկական ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է տասը և վիրավորվել ավելի քան 200 քաղաքացի։
ԵԽԽՎ-ի մոնիտորինգային հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն ու Ջորջ Կոլոմբիեն, ինչպես նաև հանձնաժողովի քարտուղար Բաս Քլայնը երկօրյա այցով Հայաստան կժամանեն հունվարի 15-ին։-0-