Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող փաստաթղթերի ժողովածու է հրատարակվել Հայաստանում
Հայաստանում հրատարակվել է ղարբաղյան հակամարտության վերաբերյալ քաղաքական-իրավական փաստաթղթերի և փաստերի ժողովածու, լրագրողներին հայտնեց ժողովածուի հեղինակ, ԵՊՀ տեսական փիլիսոփայության ու տրամաբանության ամբիոնի վարիչ, քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը։
Նրա խոսքերով, ժողովածուն հրատարակվել է ՀՀ պաշտպանության նախարարության պատվերով, և գրքի 1500 օրինակն արդեն բաժանվել է Պաշտպանության նախարարության անձնակազմին:
Մանասյանը նշեց, որ այս ժողովածուի ստեղծման գաղափարն իր մոտ առաջացրել է հայ հասարակության, մասնավորապես պետական պաշտոնյաների և լրագրողների շրջանում ղարաբաղյան հակամարտության պատմության անբավարար իմացության փաստը:
«Գիրքը ներառում է ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ գիտելիքների այն նվազագույն աստիճանը, որը պարտավոր է իմանալ յուրաքանչյուր հայ»,- կարծում է Մանասյանը: Ժողովածուն տեղեկություն է պարունակում ինչպես բուն հակամարտության, այնպես էլ դրան առնչվող հարցերի, մասնավորապես երրորդ կողմերի՝ ԵԱՀԿ-ի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի գործողությունների մասին:
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։-0-