Սոչի-Երևան չվերթի ժամանակ ստեղծված արտասովոր իրավիճակը լուրջ միջադեպ չէ. Արմավիա

13.01.2009, 19:01
Սոչի-Երևան չվերթի ժամանակ ստեղծված արտասովոր իրավիճակը լուրջ միջադեպ չէ. Արմավիա
Սոչի-Երևան չվերթի ժամանակ ստեղծված արտասովոր իրավիճակը լուրջ միջադեպ չէ. Արմավիա

Արտասովոր իրավիճակը, որում հայտնվել էր «Արմավիա» ավիաընկերության՝ Սոչի-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը, լուրջ միջադեպ չէ, հայտարարեց «Արմավիա» ավիաընկերության թռիչքային համակազմի տնօրեն Միհրան Խաչատրյանը։

Հունվարի 11-ին, տեղական ժամանակով 13։00-ին Թբիլիսիից 50-70 կմ հեռավորության վրա (Թբիլիսյան գոտում) «Արմավիա» ավիաընկերության՝ Սոչի-Երևան չվերթն իրականացնող А-320 ինքնաթիռը (քաշը՝ մոտ 75 տոննա) 33 հազար ֆուտ բարձրության վրա հայտնվել էր Դուբայ-Նյու Յորք չվերթն իրականացնող և А-320-ի վրայով 1000 ֆուտ (մոտ 300 մետր) բարձրության վրա թռչող А-380 հանդիպակաց ինքնաթիռի (մոտ 500 տոննա քաշով) ուղեկցող հոսանքի մեջ։

«Միջազգային վիճակագրությունը վկայում է այն մասին, որ ուղեկցող հոսանքի ազդեցությունը նման բարձրության վրա ավիացիայի պատմության մեջ երբեք չի եղել վթարի պատճառ։ Դա բացառվում է։ Կարող է թափահարում առաջանալ, ինչը կարող է ազդել ուղևորների ինքնազգացողության վրա, սակայն նման դեպքերը ոչ մի անգամ չեն ավարտվել վթարով»,- ասաց նա երեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։

Խաչատրյանը պարզաբանեց, որ ուղեկցող հետքն առաջանում է ինքնաթիռի թևերի տակ և դրանց վրա ճնշման տարբերության արդյունքում, այլ կերպ ասած, 500 տոննա քաշով ինքնաթիռը դեպի հատակ է մղում 500-տոննայանոց օդային հոսանք, և եթե հանդիպակաց ինքնաթիռը թռչում է դրա տակ 10-15 կմ հեռավորության վրա, այն ընկնում է այդ հոսանքի ազդեցության տակ։

«Այդ երևույթը Քաղավիացիայի միջազգային կազմակերպությունը (IKAO) չի բնութագրում որպես միջադեպ կամ արտասովոր իրավիճակ, և հաճախ ինքնաթիռները, որոնք հեռանում են տվյալ տարածությամբ, զգում են ուղեկցող հոսանքի ազդեցությունը ոչ մեծ տատանումների տեսքով»,- ասաց նա։

Թռիչքային համակազմի տնօրենի խոսքերով, տվյալ դեպքի տարբերությունը նմանատիպ արտասովոր իրավիճակներից կայանում է նրանում, որ А-320 և А-380 ինքնաթիռների քաշերի մեծ տարբերության պատճառով ուղեկցող հոսանքի ազդեցությունը ավելի զգալի էր, ինչի արդյունքում «Արմավիա» ավիաընկերության ինքնաթիռը 45 աստիճան ձախ թեքվեց, և այդ պատճառով անջատվեց ավտոպիլոտը։

«Տվյալ իրավիճակում ինքնաթիռի անձնակազմն արձագանքեց շատ պրոֆեսիոնալ կերպով, ավտոպիլոտի անջատումից վայրկյան անց այն վերցրեց ինքնաթիռի կառավարումն իր վրա, և օդանավը նորմալ դիրքի բերելու երկու փորձից հետո 18 վայրկյան անց դա հաջողվեց անձնակազմին»,- ասաց նա, հավելելով, որ դրանից հետո ինքնաթիռը շարունակեց թռիչքը նորմալ ռեժիմով։

Նա պարզաբանեց նաև, որ ինքնաթիռը նորմալ դիրքի բերելու հանար անհրաժեշտ ժամանակը կախված է համալիր ջանքերից, մասնավորապես, ուղեկցող հետքի ուժից և մի շարք աէրոդինամիկ պարամետրերից։

Միաժամանակ Խաչատրյանն ընդգծեց, որ հանդիպակաց ինքնաթիռների՝ 1000 ֆուտ ուղղահայաց տարբերությունը համապատասխանում է բոլոր միջազգային նորմերին։

««Արմավիա» ընկերության վիճակագրությունը վկայում է այն մասին, որ մի ինքնաթիռի ընկնելը մյուսի ուղեկցող հոսանքի մեջ բավական հաճախ է հանդիպում, սակայն 45 աստիճանով թեքվածքը А-380 ինքնաթիռի ուղեկցող հոսանքի ազդեցության տակ առաջին անգամ կատարվեց»,- ասաց նա՝ պատասխանելով «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին։

«Արմավիա» ավիաընկերության տեխնիկական հարցերի մասնագետ Ալեքսանդր Բելուբեկովի խոսքերով, երևանյան օդանավակայանում վայրէջք կատարելուց հետո ինքնաթիռի ներքին և արտաքին բոլոր համակարգերն անցան մանրամասն զննություն, որը ցույց տվեց, որ ինքնաթիռը գտնվում էր անթերի վիճակում։

Իր հերթին, «Արմիավիայի» ուղեկցորդների ղեկավար Ասյա Ավետիսյանն ասաց, որ արտասովոր իրավիճակի առաջումից անմիջապես հետո ուղեկցորդները հանգստացրեցին չվերթի բոլոր 104 ուղևորներին, բացատրեցին իրավիճակը, առաջարկեցին ջուր և հանգստացնող միջոցներ։

«Ուղևորներից ոչ ոք առոջության հետ խնդիրներ չունեցավ, իրավիճակի նորմալացումից հետո բոլորը հանգստացան, և օդնավակայան ժամանելուց հետո ոչ ոք բուժօգնության կարիք չունեցավ»,- ասաց նա։

«Արմավիա» ընկերությունը Հայաստանի ավիացիոն շուկայի առաջատարն է և Հայաստանի ազգային փոխադրողը։ «Արմավիա» ընկերությունը ստեղծվել է 1996թ. դեկտեմբերի 12-ին։ 2005թ. հունիսից ընկերության արժեթղթերի 100%-ի սեփականատերն է MIKA Armenia Trading  ընկերության նախագահ Միխայիլ Բաղդասարովը։ -0-