Հայաստանի վարչապետը 2009 թ.-ին հայ լրագրողներին լավատեսություն է մաղթել

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեքշաբթի՝ մամուլի ներկայացուցիչների համար կազմակերպված Ամանորյա ընդունելության ժամանակ 2009 թ.-ին հայ լրագրողներին լավատեսություն է մաղթել։
«Եթե հավատանք ձեր հրապարակումներին, ապա հայ ժողովուրդը աշխարհի ամենադժգոհ ազգերից մեկն է, և մեզանից շատ ավելի երջանիկ են այն երկրներն ու ազգերը, որոնց կենսամակարդակը մերինից շատ ավելի ցածր է։ Այս տրամադրվածությունն ուղղելը ձեր ուժի մեջ է», - ասաց նա։
Սարգսյանի խոսքերով, վատատեսությամբ անհնար է կառուցել պայծառ ապագա, իսկ դժվարությունները հաղթահարել կօգնի միայն լավատեսությունը։
ՀՀ կառավարության ղեկավարը հավաքված լրագրողներին ներկայացրեց նաև մի քանի թեզեր այն մասին, թե ինչպես է ՀՀ կառավարությունը պատկերացնում հայկական ԶԼՄ-ների ապագան։
Ինչպես նշեց վարչապետը, կառավարության ընդունած սկզբունքները ենթադրում են ԶԼՄ-ների գործունեության մեջ հարկադիր ինստիտուտից անցում դեպի ինքնակառավարման և ինքնակազմակերպման սկզբունքների։
Սարգսյանն ընդգծեց, որ հենց ԶԼՄ-ներն են ձևավորում հասարակական կարծիքը, ազդում մարդկանց վարքի վրա և ձևավորում արժեքային համակարգը։
«Մենք ձեզ հետ պետք է իրականացնենք այդ անցումը, ինչի արդյունքում զանգվածային լրատվամիջոցները ձեռք կբերեն իշխանության լծակներ և կկարողանան կանխատեսել մեր հասարակության ապագան։ Եթե դուք պատրաստ եք ձեզ վրա վերցնել նման պատասխատանու դեր, ապա հարց է հասունանում՝ գոյություն ունի՞, արդյոք, ԶԼՄ-ների պատասխանատվության ինստիտուտ, և ու՞մ առջև են նրանք պատասխանատու լինելու», - նշեց նա։
Վարչապետի խոսքերով, ԶԼՄ-ները պատասխանատու են իրենց հովանավորների, ընթերցողների և ողջ ազգի ապագայի առջև։ Ինչպես կարծում է ՀՀ կառավարության ղեկավարը, այսօր զանգվածային լրատվամիջոցներն ունեն կրթական կարևոր գործառույթ, քանի որ հասարակությունը սովորում է, տեղեկատվություն է ստանում և ժամանակակից ու արագ զարգացող աշխարհի մասին ընդլայնում է գիտելիքներն ու տեղեկատվություն ստանում ԶԼՄ-ների միջոցով, ինչն էլ ավելի է մեծացնում նրանց պատասխանատվությունը։
«Այդ պատճառով չափազանց կարևոր է մեր համագործակությունը ԶԼՄ-ների հետ, քանի որ այն տեղեկատվությունը, որը մենք ցանկանում ենք հասցնել հասարակությանը, պետք է լինի հասկանալի ու ընդունելի։ Այժմ մենք՝ կառավարությունը, խնդիրներ ունի, և մենք ակնկալում ենք, որ 2009 թ.-ին դուք կկարողանաք օգնել մեզ դարձնել մեր գործունեությունն էլ ավելի թափանցիկ և հաշվետու», - նշեց Սարգսյանը։
Ինչպես հայտարարեց ՀՀ կառավարության ղեկավարը, ժամանակակից քաղաքացիական հասարակությունում, որտեղ ԶԼՄ-ներն, իսկապես, ունեն իշխանության լծակներ, փոխվում է իշխանություն-ընդդիմություն հարաբերակցությունը։
«Դասական ըմռնումը, որ կառավարությունը իշխանություն է, այս հարթության վրա չի աշխատում։ Դասական ըմբռնմամբ, կառավարությունն ունի իշխանության լծակներ, որոնց ուզում է տիրանալ ընդդիմությունը։ Ժամանակակից քաղաքացիական հասարակությունում, երբ դուք իշխանությունն եք, պայքարը ծավալվում է հասարակական կարծիքի համար, և ստացվում է, որ իշխանության մեջ կան մարդիկ, որոնք արժանի չեն համարվել հասարակության լավագույն ներկայացուցիչներ, և հակառակը՝ ընդդիմության մեջ կան մարդիկ, որոնց մենք կարող ենք հասարակության լավագույն ներկայացուցիչների խմբում դասել», - եզրափակեց Սարգսյանը՝ պարզաբանելով, որ հասարակության լավագույն ներկայացուցիչների բացահայտումը հենց ԶԼՄ-ների արտոնությունն է։-0-