ՀՀ նախագահը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ քննարկել է
ՀԱՊԿ հերթական գագաթնաժողովի նախապատրաստման, օրակարգի ձևավորման հետ կապված հարցեր, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։
«Հանդիպման ընթացքում Հայաստանի նախագահը կարևորել է ՀԱՊԿ գործունեության մշտական կատարելագործումը և նշել, որ այն թույլ կտա ավելի արդյունավետ դիմակայել ժամանակակից մարտահրավերներին»,- ասվում է հաղորդագրությունում։
Ըստ նախագահի, հենց այդ նպատակին էր ուղղված Կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների`անցյալ տարվա դեկտեմբերին Ղազախստանում կայացած ոչ պաշտոնական հանդիպումը։
ՀԱՊԿ գործունեության առանցքային ուղղություն համարելով ռազմական-քաղաքական փոխգործակցությունը, երկրի ղեկավարն ասել է, որ Հայաստանը շարունակելու է ջանքերը համատեղ աշխատանքը կոորդինացնելու, գործակցության ներուժն ավելի լիարժեք ու արդյունավետ օգտագործելու ուղղությամբ:
Կողմերը քննարկել են նաև Կազմակերպության առջև ծառացած հիմնական խնդիրներն ու դրանց լուծման ուղիները: -0-