Հայաստան ռուսական գազի մատակարարումը վերականգնված է

13.01.2009, 10:55
Հայաստան ռուսական գազի մատակարարումը վերականգնված է
Հայաստան ռուսական գազի մատակարարումը վերականգնված է

Վրաստանի տարածքով դեպի Հայաստան ռուսական գազի մատակարարումը վերականգնված է, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց «ՀայՌուսգազարդ» ընկերության մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը։

«Մատակարարումը վերականգնվել է նախօրեին՝ տեղական ժամանակով ժամը 18։25-ին (Մոսկվայի ժամանակով ժամը 17։25-ին)», - ասաց Սարդարյանը։

Հունվարի 9-ին  Վրաստանը դադարեցրել է ռուսական գազի մատակարարումը Հայաստանի Հանրապետություն։ Դադարեցման պատճառը, ըստ վրացական կողմի, «Ղազախ- Սագուրամո 1000 մմ տրամագծով մայրուղային գազատարի 43,4-66 կմ հատվածում հայտնաբերված վնասվածքների վերացման ուղղությամբ վթարա-վերականգնողական աշխատանքների իրականացումն է»: Այդ ընթացքում հայ սպառողները գազ էին ստանում ստորգետնյա գազապահեստարանի պաշարների հաշվին։

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարման և տեղաբաշխման մենաշնորհային իրավունք ունի։ Գազը Հայաստան է մատակարարվում Վրաստանի տարածքով։

Ընկերությունը ստեղծվել է 1997 թ.-ին, «Գազպրոմ» ԲԲԸ-ն և ՀՀ էներգետիկայի նախարարությունն ընկերության բաժնետոմսերի 45-ական տոկոսի սեփականատերերն էին, իսկ 10 տոկոսը պատկանում էր «Իտերային»։

Նախագծի ներդրումային շրջանի ծրագրված երեք փուլերից երկուսի իրագործման շրջանակներում («ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի լրացուցիչ բաժնետոմսերի ձեռքբերումից հետո՝ 2006 և 2008 թթ.-ին) «Գազպրոմ» ԲԲԸ-ի մասնաբաժինը ընկերության կանոնադրական կապիտալում աճել է մինչև 75,55 տոկոս։ Հայաստանի կառավարության մասնաբաժինը կազմում է 20 տոկոս, իսկ «Իտերա» ընկերությանը՝ 4,44 տոկոս։-0-