Երևանի առողջապահության ոլորտի աշխատողների աշխատավարձը 2009 թ.-ին զգալիորեն կբարձրանա

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի առողջապահության ոլորտի աշխատողների աշխատավարձը 2009 թ.-ին զգալիորեն կավելացվի, հայտնեց Երևանի քաղաքապետարանի առողջապահության և սոցիալական հարցերի վարչության պետ Արմեն Սողոյանը։
«Ենթադրվում է աշխատավարձերի բարձրացում ոչ թե 10, 20, 30 տոկոսով, այլ 100 կամ 200 տոկոսով»,- ասաց Սողոյանը երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ։
Ընդ որում Սողոյանը չնշեց, թե բուժաշխատողի միջին աշխատավարձը ստույգ որքան է կազմելու՝ պարզաբանելով, որ այդ հարցը դեռ քննարկվելու է։
Սողոյանի խոսքերով, համաշխարհային ֆինանսական ճգնաժամը չի ազդի աշխատավարձերի բարձրացման վրա։
2009 թ.-ին իրագործման ենթակա այլ ծրագրերի թվում Սողոյանը նշեց ընտանեկան բժիշկների ինստիտուտի ներմուծման ուղղությամբ տարվող աշխատանքները ինչպես Համաշխարհային Բանկի, այնպես էլ տեղական ծրագրերի շրջանակներում։
Նրա խոսքերով, արդեն վերապատրաստում են անցել 4 ընտանեկան բժիշկ և 298 բուժքույլ, իսկ քաղաքացիների 84,5 տոկոսն ընտրել է առաջնային օղակի իր բժշկին։
«Երևանում նախատեսվում է նաև լիովին նորացնել շտապ բուժօգնության ավտոմեքենաների պարկը՝ դրանք համալրելով ժամանակակից սարքավորումներով ու կապի համակարգով»,- ասաց Սողոյանը։
Նա նշեց, որ 2008 թ.-ին մայրաքաղաքի խոշոր պոլիկլինիկաներում բացվել են թոքերի հիվանդությունների հայտնաբերմամբ մասնագիտացող կաբինետներ, և այս տարի այդ աշխատանքը կշարունակվի։
Ավելին, նրա խոսքերով, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության հետ համագործակցության շրջանակներում իրականացվում է տուբերկուլյոզի հայտնաբերման ու բուժման ծրագիր, որի շրջանակներում անցյալ տարի երկու կաբինետներ են գործել Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա համայնքներում։
2009 թ.-ին նախատեսվում է տվյալ ծրագրի իրականացումը Ավան, Աջափնյակ և Նոր-Նորք համայքներում»,- ասաց Սողոյանը։ --0--