Հայ օդաչուների պրոֆեսիոնալիզմը թույլ տվեց հաղթահարել արտասովոր իրավիճակը Սոչի-Երևան չվերթի ժամանակ

12.01.2009, 16:39
Հայ օդաչուների պրոֆեսիոնալիզմը թույլ տվեց հաղթահարել արտասովոր իրավիճակը Սոչի-Երևան չվերթի ժամանակ
Հայ օդաչուների պրոֆեսիոնալիզմը թույլ տվեց հաղթահարել արտասովոր իրավիճակը Սոչի-Երևան չվերթի ժամանակ

 

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայկական «Արմավիա» ընկերության օդաչուների պրոֆեսիոնալիզմը թույլ տվեց հաղթահարել նախօրեին Սոչի-Երևան չվերթի ժամանակ ստեղծված արտասովոր իրավիճակը, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան։

«Հունվարի 11-ին, տեղական ժամանակով 13։00-ին Թբիլիսիից 50-70 կմ հեռավորության վրա (Թբիլիսյան գոտում) «Արմավիա» ավիաընկերության՝ Սոչի-Երևան չվերթն իրականացնող А-320 ինքնաթիռն ընկավ Դուբայ-Նյու Յորք չվերթն իրականացնող А-380 հանդիպակաց ինքնաթիռի (մոտ 500 տոննա քաշով) ուղեկցող հոսանքի մեջ»,- հայտնեց Ավետիսովան։     

Նրա խոսքերով, օդում ինքնաթիռների միջև տարբերությունը կազմում էր 1000 ֆուտ (մոտ 300 մետր), ինչը համապատասխանում է բոլոր միջազգային նորմերին։ «Սակայն «Արմավիայի» ինքնաթիռն ընկավ Էմիրաթական ավիաուղիների А-380 օդանավի ուղեկցող հոսանքի մեջ, ինչի պատճառով անջատվեց ավտոպիլոտը, և ինքնաթիռն ինքնաբերաբար 45 աստիճան ձախ թեքվեց։ Այդ ամենը շարունակվեց 18 վայրկյան, և ինքնաթիռը թեքվեց 3 անգամ»,- ասաց նա։

Մամուլի քարտուղարի խոսքերով, այդ ամենը զգացին օդանավում գտնվողները՝ անձնակազմը, ուղեկցորդները և ուղևորները։ «Բարեբախտաբար, շնորհիվ ժամանակին արված միջամտության և «Արմավիա» ավիաընկերության օդաչուների բարձր պրոֆեսիոնալիզմի, ինքնաթիռն ընդունեց նախկին դիրքը, և չվերթը հաջողությամբ ավարտին հասցվեց»,- ընդգծեց Ավետիսովան։

Ըստ նրա, թեև հանդիպակաց ինքնաթիռների տարբերությունը համապատասխանում էր բոլոր միջազգային նորմերին, «Արմավիա» ավիաընկերությունը «Զվարթնոց» օդանավակայանում ինքնաթիռի վայրէջքից անմիջապես հետո անցավ թռիչքի համապատասխան պարամետրերի վերծանմանը և, համոզվելով վերոնշյալում, ներկայումս համապատասխան փաստաթղթեր է պատրաստում՝ օդային տարածքը վերահսկող մարմիններ ներկայացնելու համար։ -0-