Ռուսական գազը Հայաստան կմատակարարվի հունվարի 13-ին. «ՀայՌուսգազարդ»

Ռուսական գազը դե-ֆակտո կսկսի Հայաստանի տարածք մուտք գործել երեքշաբթի՝ հունվարի 13-ին, ասաց «ՀայՌուսգազարդ» ընկերության մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը։
«Գազատարի նորոգման աշխատանքներն ավարտին են մոտենում, և այսօր ուշ երեկոյան կամ վաղն առավոտյան գազը մուտք կգործի հանրապետություն», - ասաց նա «Նովոստի-Արմենիա» գործակալությանը։
Հունվարի 9-ին Վրաստանը դադարեցրել է Հայաստանի Հանրապետություն ռուսական գազի տարանցումը։ Վրացական կողմի խոսքերով, դադարեցման պատճառը ««Ղազախ-Սագուրամո» մայրուղային գազատարի 43,4-66 կմ հատվածի վրա բացահայտված վնասվածքների ոչնչացմանն ուղղված վթարավերականգնողական աշխատանքների անցկացումն է»։
«Գազպրոմ» ԲԲԸ-ի Տեղեկատվության վարչության կողմից «Նովոստի-Արմենիա» գործակալություն ստացված տեղեկատվության համաձայն, «Ղազախ-Սագուրամո» մայրուղային գազատարի վթարը շուտափույթ վերացնելու համար վրացական կողմին առավելագույնս աջակցելու՝ «Գազպրոմ» ԲԲԸ-ի և «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի առաջարկություններին ի պատասխան՝ Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը շնորհակալություն է հայտնել առաջարկած օգնության համար և տեղեկացրել, որ սեփական ուժերով կավարտի վերականգնողական աշխատանքները ամենաուշը հունվարի 12-ին։
Սարդարյանը նաև տեղեկացրեց, որ այսօրվա դրությամբ Հայաստանում գազի ամենօրյա սպառումը կազմում է 8,5-9 մլն խորանարդ մետր, և այս ծավալը ապահովվում է ստորգետնյա գազապահեստների պաշարների հաշվին։
«Մենք որևէ սահմանափակում չունենք։ Մեզ հաջողվել է հաղթահարել նաև ավելի բարդ ֆորս-մաժորային իրավիճակներ և ապահովել հանրապետությունը գազով 10-15 օրվա ընթացքում, այնպես որ այսօր մենք որևէ խնդիր չունենք», - ասաց ընկերության մամուլի քարտուղարը։
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարման և բաշխման մենաշնորհային իրավունք ունի։
Ընկերությունը ստեղծվել է 1997թ., բաժնետերերն են՝ «Գազպրոմ» ՍՊԸ-ն (75,55 տոկոս), ՀՀ էներգետիկայի նախարարությունը (20 տոկոս) և նավթի ու գազի «Իտերա» ընկերությունը (4,44 տոկոս)։ --0—