Հայկական բանակը ծրագրում է նոր դաշտային համազգեստի անցնել

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտնեց, որ հայ զինծառայողների դաշտային համազգեստը փոխվելու է։
Ինչպես շաբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հայկական պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունից, այս մասին Օհանյանն ասել է երեկ՝ 2009 թ.-ին պաշտպանության նախարարության առաջին կոլեգիայի ժամանակ։
Նախարարն անձնակազմին տեղեկացրեց նաև, որ ազգային նոր խորհրդանիշներ են մտցվելու զինվորական համազգեստի տարրերի մեջ, ինչպես նաև փոխվելու է զինվորական դաշտային համազգեստի ձևն ու տեսքը:
Ապա հակիրճ տեղեկատվություն տրամադրեց պաշտպանության նախարարությունում իրականացվող կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ` նշելով, որ այսպիսով տարանջատվում են պաշտպանության նախարարության և զինված ուժերի գլխավոր շտաբի գործառույթները, ինչպես նաև խոսեց ՀՀ նախագահ-պաշտպանության նախարար-զինված ուժերի գլխավոր շտաբի պետ ուղղահայաց հարամանատարական շղթայի մասին` ներկայացնելով ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական ապարատի նոր կառուցվածքը:
Պաշտպանության նախարարը կարևորեց հրամանատարների պատրաստվածությունը՝ հանձնարարելով կազմել պլաններ` «Դաստիարակողների դաստիարակումը» խորագրով. «Քանի դեռ դաստիարակողը դաստիարակված չէ, ապա դաստիարակված չի կարող լինել նաև նրա ենթական»,-ասաց նախարարը։
Նա հանձնարարեց մեծ ուշադրություն դարձնել զորքերում դասավանդվող բոլոր 16 առարկաներին, հատկապես այնպիսիներին, որոնք անմիջապես վերաբերում են մարտական պատրաստությանը։
Օհանյանն ընդգծեց նաև, որ անհրաժեշտ է էլ ավելի լուրջ վերաբերվել զինծառայողների արձակուրդների տրամադրման կարգին, անել առավելագույնը` դժբախտ պատահարները և դեպքերը բացառելու ուղղությամբ։
«Ընթացիկ տարում ակտիվ մասնակցություն եմ պահանջում բոլորից. հարկ է, որ բոլորդ իմանաք պաշտպանության նախարարի միտքը, հասկանաք և օգնեք»,- ասաց ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը։
Նրա խոսքերով, 2009 թ.-ին ևս 10%-ով կավելանա զինծառայողի աշխատավարձը, կշարունակվի զինծառայողների` բնակարանով ապահովման գործընթացը։
«Մյուս տարի իրականացվելու են պլանային բոլոր միջոցառումները, անցկացվելու են գնդային զորավարժություններ, առաջին անգամ պաշտպանության բանակի և առաջին բանակային կորպուսի համատեղ զորավարժությունները կացկացվեն»,- ասաց ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը։
Նա նաև ասաց, որ ԶՈՒ-ն շարունակելու են համագործակցությունը հասարակական կազմակերպությունների և խորհուրդների հետ, ինչպես նաև շարունակվելու են ռազմահայրենասիրական դաստիարակության մակարդակի բարձրացմանն ուղղված աշխատանքները։ --0--