ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն առաջարկել է ոստիկանապետին՝ պարզել մարտյան անկարգությունների գործով կալանավորի բողոքը

10.01.2009, 17:04
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն առաջարկել է ոստիկանապետին՝ պարզել մարտյան անկարգությունների գործով կալանավորի բողոքը

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ օմբուդսմեն Արմեն Հարությունյանը շաբաթ օրը հանրապետության ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին նամակ է ուղղել, որում առաջարկել է պարզել մարտյան անկարգությունների գործով «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կալանավորված Վարդգես Գասպարիի բողոքն՝ իր նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքի առնչությամբ։

Վարդգես Գասպարին մեղավոր է ճանաչվել ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի առաջին մասով (բռնություն կիրառելն իշխանության ներկայացուցչի նկատմամբ) և դատապարտվել մեկ տարի ազատազրկման 2008թ. նոյեմբերի 10-ին Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատարանի կողմից։ Հետագայում՝ 2008թ. դեկտեմբերի 12-ին, Գասպարին դատարանի որոշման բողոքարկման դիմում է ներկայացրել։

«Ելնելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածով  ինձ վերապահված լիազորություններից՝ առաջարկում եմ հանձնարարել ձեռնարկելու միջոցներ՝ մեղավորներին հայտնաբերելու, պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ և արդյունքների մասին տեղեկացնել ինձ»,- ասվում է հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնակամ կայքում տեղադրված նամակում։

Փաստաթղթում ասվում է, որ  Օմբուդսմենի աշխատակազմի աշխատակիցները հունվարի 9-ին այցելել են ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ և հանդիպել կալանավոր Վարդգես Գասպարիի հետ, ով հայտնել է, որ 2008թ. դեկտեմբերի 23-ին, առավոտյան ժամը 10:30-ի սահմաններում խցերից արգելված իրեր դուրս բերելու նպատակով կատարված խուզարկության ընթացքում խուց են մտել զինվորականի հագուստով թվով մոտ տասը անձինք, որոնք կատարել են նախ խցի խուզարկություն, իսկ այնուհետև Գասպարիին և խցում գտնվող այլ կալանավորներին ենթարկել են անձնական խուզարկության:

«Գասպարին հայտնել է նաև, որ խուզարկություններն իրականացնելուց հետո իրեն է մոտեցել վերը նշված անձանցից մեկը՝ ապտակել, այնուհետև արժանացրել պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի։ Գասպարիի պնդմամբ, ինքը կարող է մատնացույց անել նշված գործողություններ իրականացնող անձին»,- ասվում է նամակում։

Նախօրեին ՀՀ արդարադատության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը հայտարարել էր, որ Վարդգես Գասպարին բռնության չի ենթարկվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։ -0-