Հայաստանում տպվել է պաշտպանության նախարարի կողմից մշակված սպայի աշխատանքային օրագիրը

10.01.2009, 16:44
Հայաստանում տպվել է պաշտպանության նախարարի կողմից մշակված սպայի աշխատանքային օրագիրը
Հայաստանում տպվել է պաշտպանության նախարարի կողմից մշակված սպայի աշխատանքային օրագիրը

Հայաստանում տպվել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից մշակված սպայի աշխատանքային օրագիրը, ասվում է Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Սպայի օրագիրը օրերս կառաքվի զորքեր, ըստ որի սպաները կկազմակերպեն իրենց առօրյա աշխատանքները:

Օրագիրը ներկայացվել է երեկ տեղի ունեցած ՀՀ պաշտպանության նախարարության 2009թ. կոլեգիայի առաջին նիստի ժամանակ։

Նիստի օրակարգում 2008թ. արդյունքների դիտարկումն էր, որի ընթացքում քննարկվեցին ՀՀ զինված ուժերում 2008թ.-ին ունեցած ձեռքբերումներին, դրանց ամփոփմանը, ինչպես նաև տեղ գտած թերություններին առնչվող տարաբնույթ հարցեր:

Կոլեգիայի նիստը բացեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, որը շնորհավորեց հրավիրվածներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։

Նա կոլեգիայի ուշադրությունը հրավիրեց այն բանին, որ արդյունքների ամփոփումն ուղղված է 2008թ.-ին զինված ուժերում իրականացված աշխատանքները ճիշտ գնահատելուն և բացթողումները վեր հանելուն:

Այնուհետև ելույթ ունեցավ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը:

Խաչատուրովը մանրամասն ներկայացրեց ՀՀ զինված ուժերում անցկացված ամփոփիչ ստուգումների արդյունքները, ինչպես նաև զորքերի մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական հերթապահության, օպերատիվ պատրաստվածության, տեխնիկայի և սպառազինության, թիկունքի, զորքերի ծառայության վիճակը:

Զեկույցի ավարտին ՀՀ պաշտպանության նախարարն առաջարկեց ձևավորել 2009թ.-ի զորահավաքային պատրաստության նոր միտք` առանձնակի ուշադրություն դարձնելով մարտական ծառայության և զորքերի ծառայության մակարդակի բարձրացմանը:--0--