Հայկական «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցությունը չի բացառում խորհրդարանից դուրս գալու հնարավորությունը
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայկական «Ժառանգություն» ընդդիմանդիր խմբակցությունը հունվարի վերջին կքննարկի ՀՀ ԱԺ-ում իր հետագա գործունեության նպատակահարմարության հարցը, լրագրողներին հայտնեց ընդդիմադիր խորհրդարանական «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը։
Ներկայումս «ժառանգություն» խմբակցությունը յոթ պատգամավորներով խորհրդարանում միակ ընդդիմադիր խմբակցությունն է։
Սաֆարյանն ավելացրեց, որ հունվարին խորհրդարանում խմբակցության գործունեությունը քննարկելու հարցն ընդունվել է դեռևս ամռանը՝ կուսակցության համագումարի ժամանակ։
Նրա խոսքերով, մինչ այժմ երկխոսություն չի հաստատվել իշխանության ու ընդդիմության միջև՝ ինչպես արտախորհրդարանական, այնպես էլ խորհրդարանական, ինչը մտնում է ԵԽԽՎ № 1609 բանաձևի պահանջների մեջ։
«Խորհրդարանական ընդդիմության իրավունքների ընդլայնման ոլորտում բարեփոխումները, որ իշխանությունը խոստացել է անցկացնել, ուժի մեջ կմտնեն միայն հաջորդ խորհրդարանական ընտրություններից հետո, և այս պայմաններում մեզ համար շատ դժվար է օրինաստեղծ գործունեություն ծավալել»,- հայտարարեց Սաֆարյանը։
Նա նշեց, որ հաճախ խմբակցության օրենսդրական առաջարկությունները կամ մերժվում են, կամ հետաձգվում անորոշ ժամկետով։
«Սա հիասթափության է բերում, և կորչում է օրենսդրական նախաձեռնության պատճառաբանվածությունը»,- ասաց «Ժառանգության» քարտուղարը։
Նրա խոսքերով, խմբակցության հետագա գործունեության մասին վերջնական որոշումը կընդունվի հունվարի վերջին՝ կուսակցության խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ այն բանից հետո, երբ կլսվեն կուսակցության տարածքային կառույցների տեսակետները։
Սաֆարյանը կարծում է, որ դժվար է ասել, թե ինչ որոշում կընդունի Խորհուրդը, քանի որ կուսակցությունում երկու կարծիքներ են գերակշռում. առաջինը՝ պատգամավորական լիազորությունները վայր դնել ներկայիս խորհրդարանում՝ սեփական նախընտրական ծրագրերն անգամ մասնակիորեն կատարել չկարողանալու պատճառով, երկրորդը՝ շարունակել օգտվել այն սահմանափակ հնարավորություններից, որ տրամադրում է ներկայությունը խորհրդարանում։ --0--