«Յոթի գործով» ամբաստանյալներին չի կարելի մեղադրել դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունք ունենալու մեջ. ընդդիմության ներկայացուցիչ

09.01.2009, 19:47
«Յոթի գործով» ամբաստանյալներին չի կարելի մեղադրել դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունք ունենալու մեջ. ընդդիմության ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի մարտի 1-2 զանգվածային անկարգությունների փաստով քրեական գործի շրջանակներում, այսպես կոչված, «յոթի գործով» ամբաստանյալներին չի կարելի մեղադրել դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունք ունենալու մեջ, կարծում է միակ ընդդիմադիր խորհրդարանական «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը։

«Ոչ ոք չի կարող այս մարդկանց մեղադրել, որ նրանք համաձայն չեն դատավորի թեկնածության հետ, քանի որ վստահ են, որ նա մեղադրական դատավճիռ է կայացնելու»,- ուրբաթ նա ասաց լրագրողներին։

Դատավորի անկողմնակալությունը կասկածի ենթարկելու համար, Սաֆարյանի կարծիքով, հիմք են Երևանի մարտի դեպքերի մասնակիցների հանդեպ նրա կայացրած մեղադրական դատավճիռները։

Նա հերքեց ենթադրություններն այն մասին, որ «յոթի գործով» մեղադրյալները դատավորի հանդեպ հատուկ իրենց անհարգալից վերաբերմունքով փորձում են ձգձգել դատական գործընթացը, որպեսզի Հայաստանը «քաղբանտարկյալների» առկայության պատճառով Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի հունվարյան նստաշրջանում զրկվի ձայնի իրավունքից։

Նրա խոսքերով, դատական գործն իր մեծ ծավալի պատճաոռվ ամեն դեպքում չէր ավարտվի մինչև հունվարի վերջ։

Սաֆարյանը կարծում է, որ ստեղծված իրավիճակում լավագույն ելքը իշխանությունների կողմից այս դատական գործի մասնակիցներին համաներում շնորհելը կլինի, անգամ եթե մեղադրյալները դրա հետ համաձայն չեն։ Նրա կարծիքով դա կօգնի հաղթահարել ներքին քաղաքական հակամարտությունը հայկական հասարակությունում։

Միասնական գործի շրջանակներում քննվում են պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանի դեմ հարուցված մեղադրանքները՝ 225-րդ հոդվածի երրորդ կետով (զանգվածային անկարգություններ, որոնք զուգորդված են սպանությամբ), 300-րդ հոդվածի 1-ին կետով (պետական իշխանության յուրացնելը), 316-րդ հոդվածի 2-րդ կետով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրել), Սասուն Միքայելյանի դեմ հարուցված մեղադրանքները՝ 225-րդ հոդվածի 3-րդ կետով, 300-րդ հոդվածի 1-ի մասով, 235-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասով (զանգվածային անկարգություններ կազմակերպելը, որոնք ուղեկցվել են բռնությամբ, ջարդերով, հրկիզումներով, գույք ոչնչացնելով կամ վնասելով, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելով) և Հակոբ Հակոբյանի դեմ, ով մեղադրվում է ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 3-րդ մասով և 300-րդ հոդվածի 1-ին մասով։

Բացի այդ, դատարանը քննում է գործը՝ ըստ մեղադրանքի ՀՀ ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասով, 300-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև Գրիգոր Ոսկերչյանի, Սուրեն Սիրունյանի և Շանթ Հարությունյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասով, 300-րդ հոդվածի 1-ին մասով: --0—