ՀՀ կառավարությունը հաստատել է փոքր ավիացիայի զարգացման հայեցակարգը

ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հավանություն է տվել փոքր ավիացիայի զարգացման հայեցակարգին։ Ինչպես հայտարարեց ՀՀ քաղաքացական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը, փոքր ավիացիայի՝ որպես քաղաքացիական ավիացիայի բաղկացուցիչ մասի զարգացումը Հայաստանի համար կարող է չափազանց շահավետ լինել՝ հաշվի առնելով երկրի աշխարհագրական դիրքը, նրա լանդշաֆտի առանձնահատկությունները։
Հայեցակարգը, որի տեքստը տեղակայված է ՀՀ կառավարության պաշտոնական կայքում, նախատեսում է միջազգային փորձի ուսումնասիրումը երկրի մարզերում փոքր ավիացիայի ստեղծման ու զարգացման համար։
Փաստաթղթի համաձայն, մինչև 1990-ականների սկիզբը Հայաստանում գործում էին 13 օդանավակայաններ, որոնք ապահովում էին մայրաքաղաքի և գրեթե բոլոր մարզերի միջև օդային հաղորդակցությունը և օգտագործվում էին ինչպես ուղևորափոխադրումների, այնպես էլ գյուղատնտեսական նպատակներով։
Ներկայում, փաստաթղթի համաձայն, Հայաստանում ներքին ավիաչվերթներ չեն իրականացվում, գործող ավիաընկերություններից ոչ մեկը նման գործունեությամբ չի զբաղվում։
«Ավիացիոն հաղորդակցության նպատակահարմարությունը որոշելու համար հետազոտվել են «Վարդենիս», «Գավառ», «Մեղրի», «Կապան», «Գորիս», «Սիսիան» և «Ջերմուկ» օդանավակայանները, ինչի արդյունքում պարզվել է, որ օդանավակայանների թռիչքուղիները կարող են օգտագործվել»,- ասված է հայեցակարգում:--0-