Հայաստանն ու Լատվիան կհամագործակցեն ահաբեկչության և թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարում
ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ համաձայնություն է տվել Լատվիայի հետ «ահաբեկչության, կազմակերպված հանցավորության և թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի և դրանց բաղադրիչների ապօրինի շրջանառության և այլ հանցագործությունների դեմ պայքարի ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի կնքման
առաջարկությանը։
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հովհաննես Հունանյանի խոսքերով, համաձայնագրի ստորագրումը հնարավորություն կընձեռի համագործակցություն ծավալելու վերոնշյալ ոլորտներում։ Նա հիշեցրեց, որ Հայաստանն արդեն նմանատիպ համաձայնագրեր ունի կնքած ԱՊՀ և Եվրոպայի մի շարք երկրների հետ։
Ինչպես հայտնվում է ՀՀ ոստիկանության հիմնավորման մեջ՝ տեղակայված կառավարության պաշտոնական կայքում, տվյալ համաձայնագրի կնքումը հնարավորություն կտա երկրներին համագործակցել ահաբեկչության ու կազմակերպված հանցավորության, թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի և դրանց բաղադրիչների բոլոր ձևերի ու դրսևորումների դեմ պայքարում։
Մասնակից երկրները կպայքարեն նաև, մասնավորապես, կոռուպցիայի, պայթուցիկ սարքերի, պայթյունավտանգ, թունավոր նյութերի և քաղաքացիների կյանքի ու առողջության համար վտանգավոր նյութերի, զենքի, զինամթերքի անօրինական շրջանառության, մարդկանց առևանգման ու առևտրի, մաքսանենգության, սեփականոթյան ու անչափահասների դեմ ուղղված հանցագործությունների դեմ։--0--