2008 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների արդյունքներով Ռուսաստանին բաժին է ընկել Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության 19,1 տոկոսը

2008 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների արդյունքներով Ռուսաստանին բաժին է ընկել Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության 19,1 տոկոսը։ Այս մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից։
Վիճակագրական տվյալների համաձայն, այս ցուցանիշը կրկին ամենաբարձրն է Հայաստանի առևտրային գործընկեր-երկրների շրջանում։ Ընդհանուր առմամբ, Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության 29,7 տոկոսը բաժին է ընկել ԱՊՀ երկրներին, իսկ 35,8 տոկոսը՝ ԵՄ երկրներին։
2008 թ.-ի հունվար-նոյեմբեր ամիսների արդյունքներով, Ռուսաստանի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունն աճել է 16,2 տոկոսով և կազմել 953,3 մլն ԱՄՆ դոլար։
Միաժամանակ, Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանման ծավալը կազմել է 202,2 մլն ԱՄՆ դոլար (Հայաստանից ընդհանուր արտահանման 20,1 տոկոսը)՝ 10,3 տոկոսով ավելանալով 2007թ. հունվար-նոյեմբեր ամիսների համեմատությամբ։
Հայաստան ներմուծված ռուսական արտադրության ապրանքների ծավալը հաշվետու ժամանակաշրջանում կազմել է 751,1 մլն. դոլար՝ ավելանալով 18 տոկոսով։ Միաժամանակ, ՌԴ տարածքից ներմուծման ծավալը կազմել է 589,8 մլն ԱՄՆ դոլար (18,2 տոկոս աճ) կամ ներմուծման ընդհանուր ծավալի 14,8 տոկոսը։
2008թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ընդհանուր ծավալը ավելացել է 27,6 տոկոսով՝ 2007թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ և կազմել 4992,6 մլն ԱՄՆ դոլար։ Միաժամանակ, արտահանման ծավալը կազմել է 1007,6 մլն ԱՄՆ դոլար, իսկ ներմուծման ծավալը՝ 3985 մլն ԱՄՆ դոլար։ --0—