Հայաստանի անշարժ գույքի պետական կադաստրի համակարգը 2008 թվականին սպասարկել է ավելի քան 460 հազար մարդու

29.12.2008, 14:36
Հայաստանի անշարժ գույքի պետական կադաստրի համակարգը 2008 թվականին սպասարկել է ավելի քան 460 հազար մարդու

ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի պետական կադաստրի համակարգը 2008 թվականին սպասարկել է 465 հազ. ֆիզիկական և իրավաբանական անձանց, երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մանուկ Վարդանյանը։

«Անցյալ տարի համակարգը սպասարկել էր 450 հազ. ֆիզիկական և իրավաբանական անձանց։ Բնակչության սպասարկումը բավականին բարդ աշխատանք է՝ հաշվի առնելով այն, որ, օրինակ, Երևանում կադաստրի մեկ աշխատողը միջինը սպասարկում է 200-250 մարդու՝ ստանալով միջինը 40 հազ. դրամ աշխատավարձ (մոտ 130 ԱՄՆ դոլար)», - ասաց Վարդանյանը։

Նրա խոսքերով, կոմիտեի աշխատակիցները 2008 թ.-ին կատարել են ունեցվածքի  ավելի քան 159 հազ. գործարքների գրանցումներ։

«Ոչ մի այլ պետական մարմին չի ունեցել նման ծավալուն և անմիջական շփում երկրի քաղաքացիների հետ», - ասաց նա։

Միաժամանակ Վարդանյանը նշեց, որ չնայած ակտիվ աշխատանքին՝ որոշ քաղաքացիներ առաջվա պես դժգոհ են կադաստրի աշխատանքի որակից։

Պետական կոմիտեի նախագահի կարծիքով, դժգոհությունն ունի օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ։

Օբյեկտիվ պատճառների թվում նա նշեց աշխատակիցների ծանրաբեռնվածությունը, ինչը խանգարում է նրանց հավասարապես ուշադրություն դարձնել բոլոր քաղաքացիներին, իսկ սուբյեկտիվների թվում են քաղաքացիների հետ շփման մեջ աշխատակիցների տարբեր ունակությունները, այցելուների նկատմամբ տարբեր մոտեցումները։

Միաժամանակ պետական կոմիտեի նախագահն ընդգծեց, որ կադաստրի անբարեխիղճ աշխատակիցներն ազատվում են աշխատանքից։-0-