Համաշխարհային ֆինանսական ճգնաժամը ցույց տվեց Հայաստանի ֆինանսական հատվածի ամրությունը. վարչապետ
ՀՀ վարչապետը կարծում է, որ համաշխարհային ֆինանսական ճգնաժամը ցույց տվեց Հայաստանի ֆինանսական հատվածի ամրությունը։
«Համաշխարհային ֆինանսական ճգնաժամը, ուզենան դա մեր ընդդիմախոսները, թե ոչ, ցույց տվեց մեր ֆինանսական հատվածի ամրության վերաբերյալ մեր թեզի ճշմարտացիությունը, և անթույլատրելի են շահարկումներն այդ ոլորտում, քանի որ դա բավականին նուրբ ոլորտ է», - ասել է Սարգսյանը մի շարք լրատվական գործակալություններին տված հարցազրույցում։
Նրա խոսքերով, եթե ներդրողների մոտ բացասական սպասելիքներ են ձևավորվում, ապա դա լուրջ խնդիրներ է ստեղծում նույնիսկ ամենաառողջ բանկի համար։
«Բոլոր այն հիստերիաները, որոնք փորձում էին մեր վզին փաթաթել մեր վայ-քննադատները, մեղմ ասած, չհամապատասխանեցին իրականությանը։ Մենք չենք ունեցել, չունենք և չենք ունենա այնպիսի խնդիրներ, ինչպիսիք կային Վրաստանի, Ղազախստանի, Ուկրաինայի և Ռուսաստանի բանկային հատվածում», - ասել է Սարգսյանը։
Նրա խոսքերով, չի եղել որևէ դեպք, երբ ներդրողը չկարողանա ետ ստանալ իր գումարը։
«Նման բան չէր էլ կարող լինել, քանի որ, առաջին հերթին, բալանսները, որոնք հրապարակում են առևտրային բանկերը, համապատասխանում են իրականությանը՝ Կենտրոնական բանկի կոշտ վերահսկողության շնորհիվ, երկրորդ՝ բանկային հատվածի իրացվելիության մակարդակը գտնվում է բարձր մակարդակի վրա և գերազանցում է անհրաժեշտ նորմատիվները, երրորդ՝ կապիտալացումը մի քանի անգամ վեր է նորմատիվներից, որոնք նախատեսված են առևտրային բանկերի համար», - նշել է ՀՀ կառավարության ղեկավարը։
Նրա խոսքերով, Հայաստանն այսօր ունի առողջ ֆինանսական համակարգ, առողջ առևտրային բանկեր։
«Հայաստանում չկան պրոբլեմատիկ բանկեր, և ֆինանսական հատվածի ամրության այս լիցքը համեմատասխան առավելություն է ստեղծում հանրապետության համար՝ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական հետևանքների հաղթահարման գործում» - ասել է վարչապետը։
Նրա խոսքերով, եթե երկիրն ունի համեմատական առավելություն, ապա անհրաժեշտ է դրանից օգտվել և ցատկ կատարել այդ ուղղությամբ։
«Այդ պատճառով մենք մտադիր ենք կտրուկ ավելացնել առևտրային բանկերի թողունակությունը։ Այդ նպատակով մենք հատկացրել ենք 50 մլն դոլար, որպեսզի առևտրային բանկերի միջոցով իրականացնենք փոքր և միջին բիզնեսի վարկավորում», - ասել է Սարգսյանը։
«Դա շատ կարևոր գործոն է, դրա վրա չի կարելի աչք փակել, այն անհրաժեշտ է հստակ ցույց տալ»- ավելացրել է վարչապետը։
Նրա խոսքերով, պետք է արժանի հակահարված հասցնել այն մարդկանց, ովքեր փորձում են խուճապ կամ սուտ տեղեկատվություն տարածել, նրանք որևէ բարի նպատակ չեն հետապնդում։ Առավել ևս, երբ նրանք փորձում են հանդես գալ որպես մասնագետներ։-0-