ՀՀ նախագահը մեդալներ և պատվավոր կոչումներ է շնորհել պետական կառավարման մի շարք աշխատակիցների և մարզիկների

27.12.2008, 14:34
ՀՀ նախագահը մեդալներ և պատվավոր կոչումներ է շնորհել պետական կառավարման մի շարք աշխատակիցների և մարզիկների
ՀՀ նախագահը մեդալներ և պատվավոր կոչումներ է շնորհել պետական կառավարման մի շարք աշխատակիցների և մարզիկների

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շաբաթ օրը հրամանագիր է ստորագրել՝ պետական կառավարման մի շարք աշխատակիցների և մարզիկների մեդալներով և պատվավոր կոչումներով պարգևատրելու մասին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

«Հանրապետության պետական կառավարման համակարգում արդյունավետ աշխատանքի համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արտեմ  Ասատրյանը, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սամվել Արաբաջյանը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Իոսիֆ Իսայանը և ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը պարգևատրվել են Անանիա Շիրակացու մեդալով», - ասվում է տեղեկատվության մեջ։

ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով, մարզական նշանակալի ձեռքբերումների, բռնցքամարտում ունեցած փայլուն հաղթանակների համար պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի բացարձակ չեմպիոն Վախթանգ Դարչինյանը պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով։

Բացի այդ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար ծանրամարտի մարզիչ Վահան Բիչախչյանին և Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզաառողջարարական ֆակուլտետի դեկան, կենսաբանական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Անահիտ Հարությունյանին շնորհվել է ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի պատվավոր կոչում:-0-