ՀՀ սփյուռքի նախարարը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին 80-ամյակի կապակցությամբ

27.12.2008, 14:09
ՀՀ սփյուռքի նախարարը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին 80-ամյակի կապակցությամբ

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհավորել է հայտնի դիրիժոր, ՀՀ պետական ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար, բազմաթիվ մրցանակների դափնեկիր  Հովհաննես Չեքիջյանին՝ 80-ամյակի կապակցությամբ։

«Ասում են` Մեծերի գործը  ոչ միայն հաղթահարումն է մահվան, այլև հաղթանակն է մահվան դեմ:    Ձեր  ազգանպաստ և ազնվական գործը, սիրելի Մաեստրո, հենց այդպիսին է»,- ասվում է նախարարի ուղերձում։

Հակոբյանը նշել է, որ Չեքիջյանի և նրա ակադեմիական երգչախմբի  երկարամյա մշակութային գործունեությունը համայն հայության համար եղել է և կա որպես Ազգային ոգու հաղթանակ: 

«Դուք Ձեր հայրենանվեր պատմական առաքելությունն իրականացնում եք պատանեկան յուրօրինակ խանդավառությամբ`   ամրապնդելով հայ ազնվական ինքնության պատվարժան տեղն ու դերը համաշխարհային քաղաքակրթության մեջ՝ հաստատելով մեր ազգային ինքնահարգանքը»,- նշվում է ուղերձում։

Նախարարը մաղթել է հոբելյարին երկարակեցություն և  արևշատություն, նշել մաեստրոյի և նրա երգչախմբի անգնահատելի ներդրումը հայ և համաշխարհային մշակույթում։ 

Հավհաննես Չեքիջյանը դիրիժոր է, կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1978թ.)։ 1961 թ.-ից՝ ՀՀ պետական ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր։ -0-