Ղարաբաղյան հակամարտությունը չի լուծվի 2009 թվականին. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղյան հակամարտությունը չի լուծվի 2009 թվականին, կարծում է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը։
«2009 թվականին ղարաբաղյան հակամարտության լուծումը չի լինի, քանի որ ներկայումս բացակայում է հիմնախնդրի լուծման տարբերակը»,- ասաց Թևանյանն ուրբաթ մամուլի ասուլիսում։
Ըստ նրա, ղարաբաղյան հակամարտության լուծումը փոխզիջման միջոցով այսօր հնարավոր չէ։
«Երբ խոսում են այսօր ղարաբաղյան խնդրի լուծման վերաբերյալ՝ բանակցային սեղանին դրված փաստաթղթերի միջոցով, ապա խոսքը գնում է Ղարաբաղը հանձնելու մասին»,- նշեց Թևանյանը։
Նրա կարծիքով, եթե հայկական ղեկավարությունը գնա այդ քայլին, կկորցնի իշխանությունը։
Բացի այդ, «եթե Ալիևը հայտարարում է, որ կվերցնի իրեն Ղարաբաղը, ինչից հետո առաջ կքաշի Սյունիքի միջով Նախիջևանի հետ միջանցք ստեղծելու հարցը, ապա ինչ լուծման մասին կարելի է խոսել»։
Ըստ նրա, երբ խոսում են ղարաբաղյան խնդրի մասին, իրականում խոսքը հայ ժողովրդի անվտանգության մասին է։
Թևանյանը գտնում է, որ Հայաստանը պետք է պատրաստ լինի Ադրբեջանին խաղաղություն պարտադրել։ Միաժամանակ նա նշեց, որ նման իրավիճակ չի հասունացել, նշանակում է, ղարաբաղյան խնդրի լուծման նման մեխանիզմ էլ չկա։
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։
1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-