Սևանա լճի ջրի մակարդակը 2008 թ.-ին բարձրացել է 5 սմ-ով. բնապահպանության նախարար

26.12.2008, 15:59
Սևանա լճի ջրի մակարդակը 2008 թ.-ին բարձրացել է 5 սմ-ով. բնապահպանության նախարար
Սևանա լճի ջրի մակարդակը 2008 թ.-ին բարձրացել է 5 սմ-ով. բնապահպանության նախարար

Դեկտեմբերի 24-ի տվյալներով Սևանա լճի ջրի մակարդակը 1898.84 մետր է, ինչը 0.05 մետրով ավելի է քան 2007 թ.-ի նույն ժամանակահատվածում, ուրբաթ լրագրողներին ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը։ 

«Ոռոգման նպատակներով ջրառը 2008 թ.-ին 303 մլն. խորանարդ մետր է կազմել, այդ գործընթացը սկսվել է ապրիլին և ավարտվել նոյեմբերին»,- նշեց նախարարը։

Նա նաև ասաց, որ Արփա-Սևան ջրագծով լիճը 188.842 մլն խորանարդ մետր ջուր է ստացել։

Հարությունյանն ընդգծեց, որ բնապահպանության նախարարության առաջնահերթ խնդիրները՝ նախատեսված ՀՀ կառավարության 2008 թ. գործողությունների ծրագրով, Սևանա լճի ջրային տարածքների մաքրման ու ձկնային պաշարների լրացման աշխատանքներն են։

«Ջրային տարածքների մաքրման աշխատանքների համար 2008 թ.-ին պետբյուջեից հատկացվել է 42 մլն դրամ (շուրջ 136 հազար դոլար), այդ ծրագրի շրջանակներում մաքրվել է 95 հա տարածք»,- ասաց Հարությունյանը։  

Նա ավելացրեց, որ 2009 թ.-ին համանման աշխատանքներ կանցկացվեն նաև 600 հա մակերեսով տարածքում, ինչի համար բյուջեից հատկացվել է 257.5 մլն դրամ (շուրջ 835 հազար դոլար), ինչը 6 անգամ ավելի շատ է քան անցյալ տարի։

«Բացի այդ ՀՀ կառավարությունը հաստատել է Սևանա լճի էկոհամակարգի օգտագործման, վերականգնման, վերակառուցման և պահպանման միջոցների տարեկան ծրագիրը»,- նշեց նախարարը։ --0--