ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելը բացասաբար կանդրադառնա երկրի մրցունակության վրա. պատգամավոր

26.12.2008, 10:45
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելը բացասաբար կանդրադառնա երկրի մրցունակության վրա. պատգամավոր

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելը բացասաբար կանդրադառնա երկրի մրցունակության վրա, կարծում է «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը։

ԵԽԽՎ-ի դիտորդական հանձնաժողովը դեկտեմբերի 17-ին առաջարկել է դադարեցնել 8 պատգամավորից բաղկացած հայկական պատվիրակության ձայնի իրավունքը՝ Երևանում մարտի 1-2-ի դեպքերի առնչությամբ։

«Հայկական պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելը կհանգեցնի նրան, որ մեզնից կհրաժարվեն այն բոլոր տնտեսական և ֆինանսական կառույցներ, որոնք մինչ օրս մեզ աջակցում էին։ Այս ամենը կանրադառնա Հայաստանի՝ որպես տարածաշրջանում մրցունակ երկրի ներուժի վրա», - ասել է նա հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ։

Մարտիրոսյանի կարծիքով, եվրոպական կառույցները հավատարիմ են մնում իրենց սկզբունքներին, և դա լավ է, սակայն մյուս կողմից ձայնի իրավունքից զրկումը Հայաստանի համար սարսափելի պարտություն կլինի, որը կունենա բացասական քաղաղաքական, տնտեսական և իրավաբանական հետևանքներ։

«Մեր պատվիրակությունը հնարավորություն չի ունենա ոչ միայն հանդես գալ մեր երկրի, այլև Ղարաբաղի շահերի օգտին, որի շահերն ու իրավունքները պաշտպանում էր մեր պատվիրակությունը», - նշել է նա։

Մարտիրոսյանի խոսքերով, բոլոր այս անցանկանալի հետևանքները մեծ հարված կլինեն Հայաստանի համար, և «այդ հարվածի հետևանքները մեղմացնելու փորձերը կլինեն երկարատև և խիստ կասկածելի»։

«Կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունները պետք է անեն ամեն ինչ դա թույլ չտալու համար», - ավելացրել է Մարտիրոսյանը։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է տասը քաղաքացի և վիրավորվել 265-ը։-0-