Հայաստանի ոչ պետական բուհերից շատերը կզրկվեն արտոնագրերից. Վերահսկողության ծառայություն
Հայաստանի ոչ պետական բուհերից շատերը կզրկվեն արտոնագրերից, հինգշաբթի լրագրողներին է տեղեկացրել ՀՀ նախագահին առընթեր Վերահսկողության ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը։
Նրա խոսքերով, ծառայությունը ստուգումներ է անցկացրել գրանցված 69 ոչ պետական բուհերից 30-ում։
«Հարկ է նշել, որ այդ բուհերում անմխիթար մթնոլորտ է տիրում։ Շատ բուհերում ուսանողները դպրոցից անմիջապես հետո ընդունվում են երկրորդ և երրորդ կուրս, մոտ 800 ուսանող գրանցված է հեռակա կուրսերում, սակայն իրականում գտնվում են կամ արտասահմանում, կամ զինծառայության մեջ և չայցելելով բուհ՝ ստանում են ավարտական դիպլոմներ», - ասել է Հովսեփյանը։
Միաժամանակ նրա խոսքերով, բուհերից ոչ մեկը չի գործում հարկային դաշտում, մասնավորապես, բուհերին առաջադրվող չափանիշների թվում պրակտիկայի պարտադիր անցկացումն է, որը պետք է իրականացվի պայմանագրային հիմունքների վրա և համապատասխան միջոցների փոխանցման դեպքում, ինչը բացակայում է գրեթե բոլոր բուհերում։
Ավելին, ինչպես նշել է ծառայության ղեկավարը, որոշ բուհերի տարածքներ չեն համապատասխանում սահմանված չափանիշներին, մասնավորապես որոշ բուհերում բոլոր կաբինետները գտնվում են շենքերի միայն մեկ հարկի մի քանի սենյակներում։
Նա նշել է, որ նախագահը ծանոթացել է իրավիճակի հետ և համապատասխան հանձնարարական տվել ՀՀ կրթության և գիտության նախարարությանը։
«Քանի որ ծառայությունը ուսումնասիրել է միայն 30 բուհ, ապա միակողմ մոտեցումները բացառելու նպատակով Նախարարությունը կուսումնասիրի մնացած բուհերը լիարժեք պատկեր ստանալու համար, ինչի արդյունքում շատ բուհեր կզրկվեն արտոնագրերից, իսկ որոշները «դեղին քարտ» կստանան թերությունները վերացնելու համար», - ասել է Հովսեփյանը։
Ինչ վերաբերում է պետական բուհերին, ապա, նրա խոսքերով, ծառայությունը ուսումնասիրել է ուսանողների՝ մեկ բուհից մյուսը կամ մեկ ֆակուլտետից մյուսը տեղափոխվելու հարցը, որտեղ ևս բացահայտվել են բազմաթիվ խախտումներ ինչպես առարկաների քանակի, որոնք ենթակա են վերահանձնման, այնպես էլ ավարտական կուրսերի ուսանողների տեղափոխման տեսակետից, ինչն օրենքով արգելված է։
Նա տեղեկացրել է, որ նման խախտումներ են բացահայտվել Երևանի պետական համալսարանում, Երևանի պետական բժշկական համալսարանում և այլ բուհերում։-0-