Հայաստանի հասարակական կազմակերպությունները կոչ են անում երկրի հեռուստաընկերություններին ներկայացնել Լեռնային Ղարաբաղի իրական քարտեզը

25.12.2008, 14:31
Հայաստանի հասարակական կազմակերպությունները կոչ են անում երկրի հեռուստաընկերություններին ներկայացնել Լեռնային Ղարաբաղի իրական քարտեզը

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի հասարակական կազմակերպությունները կոչ են անում երկրի հեռուստաընկերություններին հեռարձակումների ժամանակ ներկայացնել Լեռնային Ղարաբաղի իրական քարտեզը՝ Լեռնային Ղարբաղի նախկին ինքնավար մարզի քարտեզի փոխարեն, ասվում է «Նովոստի-Արմենիա» գործակալություն ստացված հայտարարությունում։

Հայտարարության հեղինակները հիշեցնում են, որ Արցախի երիտասարդական կազմակերպությունները դեկտեմբերի 9-ին բաց նամակով դիմել էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ կոչ անելով հայկական հեռուստաալիքներով եղանակի տեսության հեռարձակման ժամանակ պատկերվող քարտեզներից հանել վաղուց պատմություն դարձած ԼՂԻՄ-ի պատկերը՝ փոխարինելով այն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քարտեզով։

«Ղարաբաղյան պատերազմի զինադադարի մասին պայմանագրի ստորագրումից 14 տարի անց անհեթեթ իրավիճակ է ստեղծվել. մի կողմից օբյեկտիվ իրականություն է այն, որ նախկին Ադրբեջանի ԽՍՀ մի շարք շրջաններ այժմ գտնվում են ԼՂՀ կազմում, այնտեղ ապրում են մեր հազարավոր հայրենակիցները: Մյուս կողմից՝ այդ իրողությունը չի արտացոլվում ՀՀ ԶԼՄ-ների կողմից. հոդվածներում, հեռուստահաղորդումներում, եղանակի տեսությունում կամ պարզապես գովազդում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կամ չի պատկերվում, կամ, լավագույն դեպքում, պատկերվում է խորհրդային ժամանակաշրջանի ԼՂԻՄ-ի տեսքով»,- ասվում է հայտարարությունում։

Հայտարարության հեղինակները նշում են նաև, որ նման քարտեզները խախտում են ԼՂՀ Սահմանադրության 142 հոդվածը, համաձայն որի «Մինչև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական ամբողջականության վերականգնումը և սահմանների հստակեցումը հրապարակային իշխանությունն իրականացվում է ԼՂՀ  ենթակայության տակ փաստացի գտնվող տարածքում»։

Ավելին, հայտարարության հեղինակների կարծիքով, Ադրբեջանի ղեկավարությունը և այդ երկրի ԶԼՄ-ները ոչ միայն չեն ճանաչում այդ հին սահմանները, այլ բացեիբաց հավակնում են նույնիսկ Հայաստանի Հանրապետության տարածքին։

Այսպես, այս տարվա հոկտեմբերի 31-ին ադրբեջանական լրատվական day.az կայքը, հայտնելով տնտեսական զարգացման նոր նախարարի նշանակման մասին, հատուկ ընդգծել է, որ Շահին Մուսթաֆաևը ծնվել է «Արևմտյան Ադրբեջանի Նոյեմբերյանի շրջանում»։

«Այդ տերմինը հանդիպում է նաև Ադրբեջանի մշակույթի և տուրիզմի նախարարության պաշտոնական կայքում, Հեյդար Ալիևի պետական հիմնադրամի կայքում»,- ընդգծվում է հայտարարությունում։

«Ստեղծվել է տարօրինակ իրավիճակ. հայկական ԶԼՄ-ները կտրված են իրականությունից և համառորեն չեն ցանկանում նկատել ազատագրված տարածքներում բնակվող մեր հայրենակիցների իրավունքները՝ դրանով իսկ ակամա օգնելով ադրբեջանական քարոզչական մեքենային տեղեկատվական պատերազմում, որը տարվում է հայերի դեմ։ Փաստորեն, մեր հայրենակիցները նույնիսկ զուրկ են իրենց բնակության վայրի եղանակի տեսության մասին տեղեկատվություն ստանալու իրավունքից։ Ավելին, Հայաստանի ԶԼՄ-ների կողմից գործնականորեն չի լուսաբանվում այն, ինչ տեղի է ունենում ազատագրված տարածքներում, այնտեղ ապրող մարդկանց կյանքն ու կենցաղը»,- ասվում է հայտարարությունում։

«Հաշվի առնելով խնդրի լրջությունը, խնդրում ենք բոլոր ԶԼՄ-ներին, անկախ կուսակցական և քաղաքական շահերից, զերծ մնալ ներքաղաքական պայքարում այս հարցն օգտագործելուց՝ հանուն համաժողովրդական շահի»,- ասվում է հայտարարությունում։

Հայտարարության տակ ստրագրել են շուրջ 100 հասարակական կազմակերպություններ և անհատներ։ -0-