ՀՀ նախագահը հանձնարարել է ՔԿՀ-ներում բռնությունների կիրառման դեպքերի ծառայողական քննություն անցկացնել

24.12.2008, 17:58
ՀՀ նախագահը հանձնարարել է ՔԿՀ-ներում բռնությունների կիրառման դեպքերի ծառայողական քննություն անցկացնել
ՀՀ նախագահը հանձնարարել է ՔԿՀ-ներում բռնությունների կիրառման դեպքերի ծառայողական քննություն անցկացնել

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ Նախագահ  Սերժ Սարգսյանը հանձնարարել է Արդարադատության նախարարին և նախագահի իրավական հարցերով օգնականին անցկացնել ծառայողական քննություն` հանրապետության քրեակատարողական հիմնարկներում բռնության կիրառման վերաբերյալ վերջին շրջանում տեղ գտած ահազանգերի առնչությամբ:

«Յոթի գործով» մեղադրյալներից մեկին՝ Գրիգոր Ոսկերչյանին ծեծի ենթարկելու մասին տեղեկատվությունը նախօրեին ներկայացրել էր նրա շահերի պաշտպան Ստեփան Ոսկանյանը, որն ասել էր, որ իր պաշտպանյալը նույն օրը ծեծի է ենթարկվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում։

Գրիգոր Ոսկերչյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասով, 300-րդ հոդվածի 1-ին մասով:

Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, այդ մասին երկրի ղեկավարը հայտնել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի հետ հանդիպման ընթացքում։

Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը համաձայնություն է հայտնել մասնակցել ծառայողական քննության անցկացմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդու իրավունքների ու ազատությունների ընդհանուր իրավիճակին և այս ուղղությամբ առկա ընթացիկ խնդիրներին վերաբերող հարցեր:

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ: Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների: ՀՀ գլխավոր դատախազության տվյալների համաձայն, անկարգությունների հետևանքով հրազենային և բեկորային վնասվածքներից զոհվել է 10 մարդ, վնասվածքներ է ստացել ավելի քան 200 մարդ:--0-