ՀՀ նախագահը ամանորյա ընդունելություն է կազմակերպել լրագրողների համար
Ամանորյա և սուրբ ծննդյան տոների կապակցությամբ երեքշաբթի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նստավայրում լրագրողների համար ընդունելություն տեղի ունեցավ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունից։
Ընդունելության էին հրավիրվել զանգվածային լրատվության միջոցների ավելի քան հարյուր հիսուն ներկայացուցիչներ։
«Հանրապետության նախագահը շնորհավորել է լրագրողներին` նրանց մաղթելով առողջություն և հաջողություն, իսկ լրատվամիջոցներին` օրեցօր ավելացող լսարան»,- ասվում է հաղորդագրության մեջ:
«Թող 2009 թվականը լինի իրադարձություններով հագեցված տարի և լրագրողներն ու լրատվամիջոցները կարողանան հասարակությանն օպերատիվ իրազեկել»,-ասել է երկրի ղեկավարը՝ միաժամանակ ցանկանալով, որ օրվա լրահոսում գերակշռող լինի դրականը:
Նախագահ Սարգսյանը նաև վստահություն է հայտնել, որ 2009 թվականին Հայաստանը ընթանալու է զարգացման ճանապարհով և ունենալու է հաջողություններ: Նրա խոսքով, տեղի են ունենալու իրադարձություններ, որոնք ավելի են ամրապնդելու են մեր երկրի անվտանգությունն ու մեր ժողովրդի հավատը վաղվա օրվա նկատմամբ:---0--