ՀՀ պաշտպանության նախարարը համագործակցության հարցեր է քննարկել Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի ներկայացուցիչների հետ
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երեքշաբթի ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության ազգային բարձրագույն խորհրդի քարտուղարի տեղակալ Ալի Բաղերի գլխավորած պատվիրակությանը։
«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգության և կայունության, ինչպես նաև երկկողմ համագործակցության հարցեր»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ պաշտպանական գերատեսչության մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը։
«Երկու երկրների միջև ձևավորված հարաբերություններն ու առկա հաջողությունները, դարավոր բարեկամությունն ու պատմամշակութային ընդհանրությունները բավարար հիմք են գործնական կապերի խորացման, զարգացման վերընթաց ուղին ապագայում ևս շարունակելու համար»,- ասաց Օհանյանը։
Կողմերը նշել են, որ առկա բազմաբնույթ համագործակցությունը բխում է ոչ միայն Հայաստանի և Իրանի շահերից, այլև նպաստավոր է ողջ տարածաշրջանի համար:
Հանդիպմանը ներկա էր Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սայեդ Ալի Սաղայիան։ -0-