Կրթության և Պաշտպանության նախարարությունները կհամագործակցեն հայ երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության հարցերի շուրջ

ՀՀ Գիտության և կրթության նախարարությունը կարևորում է Պաշտպանության նախարարության հետ համագործակցությունը երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակման հարցերի շուրջ, ասաց Գիտության և կրթության նախարար Սպարտակ Սեյրանյանը։
«Մենք կարծում ենք, որ համագործակցությունը լուրջ նշանակություն կունենա ինչպես դպրոցներում ռազմահայրենասիրական դաստիարակության, այնպես էլ բանակում զինվորների ընդհանուր կրթական մակարդակի բարձրացման տեսակետից»,- երեքշաբթի նա ասաց լրագրողներին։
Սեյրանյանի խոսքերով, այս երկու նախարարություններում համատեղ գործողությունների ծրագիր է մշակվել, որի շրջանակներում զորամասերը իրենց ղեկավարության տակ են վերցնում հանրակրթական դպրոցներն ու ակտիվ մասնակցություն ունենում ռազմահայրենասիրական առարկաներ դասավանդելու և համատեղ միջոցառումներ անցկացնելու հարցերում։
«Մասնավորապես, դպրոցական այն առարկաների գծով, որոնք կարևոր նշանակություն ունեն հայ ժողովրդի պետականության ու պատմության տեսակետից, պարապմունքները կանցկացվեն զորամասերում։ Բացի այդ, միջին և բարձր դասարանների աշակերտները ամառային արձակուրդների մի մասը զորամասերում անցկացնելու և շտապ ծառայություն անցնելու պայմանների հետ ծանոթանալու հնարավորություն կունենան»,- պարզաբանեց նա։
Ընդ որում, Սեյրանյանն ավելացրեց, որ այս ծրագրերում համապատասխան բաղադրիչների գծով մասնակցության պատրաստակամություն են հայտնել Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ու Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը։
Պաշտպանության և Գիտության ու կրթության նախարարությունների կողմից հանրակրթական դպրոցներում իրականացվող ռազմահայրենասիրական դաստիարակության համատեղ միջոցառումներին նվիրված և դեկտեմբերի 20-ին կայացած խորհրդակցության ընթացքում ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ աճող սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունը երկրի անվտանգությունն ապահովելու բաղադրիչներից է: --0--