2008 թվականին Հայաստանի քաղաքացիություն է ստացել 1309 մարդ. ՀՀ ոստիկանություն

23.12.2008, 16:05
2008 թվականին Հայաստանի քաղաքացիություն է ստացել 1309 մարդ. ՀՀ ոստիկանություն
2008 թվականին Հայաստանի քաղաքացիություն է ստացել 1309 մարդ. ՀՀ ոստիկանություն

2008 թվականի ընթացքում  1309 մարդ Հայաստանի քաղաքացիություն է ստացել, որոնցից 1249-ը՝ որպես երկրորդ քաղաքացիություն, իսկ 60 -ը մինչ այդ քաղաքացիություն չունեցող մարդիկ էին, երեքշաբթի մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության պետ, փոխգնդապետ Նորայր Մուրադխանյանը։

Համեմատության համար նա նշեց, որ նախորդ 11 տարիների ընթացքում քաղաքացիություն է ստացել 1735 մարդ։

«2008 թվականի ընթացքում ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց թվի աճը կապված է այս տարի Հայաստանի կառավարության կողմից երկքաղաքացիության մասին օրենքի ընդունման հետ»,- ընդգծեց Մուրադխանյանը։

Նա ավելացրեց նաև, որ 2008թ. ընթացքում դադարեցվել է 312 անձանց հայկական քաղաքացիությունը։

Ամփոփելով տարեվերջյան արդյունքները՝ անձնագրերի և վիզաների վարչության պետն ուշադրություն դարձրեց 2008 թվականին կատարած որոշ բարեփոխումների վրա։
 
«Հայաստանի կառավարության համապատասխան որոշման համաձայն, պարզեցվել է անչափահաս քաղաքացիներին անձնագրի տրամադրումը, ինչի արդյունքում նրանք կարող են անձնագիր ստանալ մի տարի ժամկետով ծնողի կամ այլ լիազոր անձի դիմումի հիման վրա»,- ասաց նա՝ հավելելով, որ այսուհետ դիմումի տվյալների իսկության պատասխանատվությունը դրվում է ծնողի կամ դիմում ներկայացնող լիազոր անձի վրա։

Միաժամանակ Մուրադխանյանը նշեց, որ ավելի վաղ այդ պատասխանատվությունը կրում էր Ոստիկանության շրջանային վարչության տարածքային տեսուչը, ինչը երկարաձգում էր անձնագրի տրամադրման գործընթացը։

«Բացի այդ, անձնագրի վավերացումը 16-ից 18 տարեկան քաղաքացիների համար կատարվում էր միայն անձնագրերի և վիզաների վարչությունում։ Այժմ նույն ընթացակարգը կատարելու համար անչափահաս քաղաքացիները կարող են դիմել հանայնքային վարչություններ»,- ընդգծեց նա։ -0-