Սևանի ավազանի դպրոցներից մեկը կկրի հայ անվանի պետական-քաղաքական գործիչ Յակով Զարոբյանի անունը

Հայ անվանի պետական-քաղաքական գործիչ, Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի նախկին առաջին քարտուղար Յակով Զարոբյանի 100-ամյակի տոնակատարությունները նախապատրաստող հոբելյանական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել երկուշաբթի՝ հանձնաժողովի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ։
«Հանձնաժողովը քննարկել է աշխատանքային խմբի կողմից անվանի պետական-քաղաքական գործչի 100-ամյակին նվիրված միջոցառումների կատարման ընթացքը և առաջիկայում նախատեսվող աշխատանքները», - «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրել են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։
Նիստի ընթացքում նշվել է, որ Յակով Զարոբյանի ծննդյան օրը` սեպտեմբերի 25-ին, արդեն իսկ Հայաստանի ազգային արխիվում կազմակերպվել է նրա կյանքին ու գործունեությանը նվիրված լուսանկարչական, արխիվային նյութերի ցուցահանդես, հաղորդումներ են հեռարձակվել հեռուստատեսությամբ և ռադիոյով:
2009թ. ընթացքում նախատեսվում է նաև ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կողմից Յակով Զարոբյանի պետական-քաղաքական գործունեությանը նվիրված գիտաժողովի կազմակերպում։ Կհրատարակվի Եղիշե Ասծատրյանի «Յակով Զարոբյան» աշխատությունը, կթողարկվի փաստավավերագրական ֆիլմ, հուշատախտակ կտեղադրվի անվանի գործչի ապրած` Իսահակյանի 38 շենքի պատին։
«Նկատի առնելով նրա մեծ վաստակը Արփա-Սևան թունելի, ինչպես նաև Հայոց Մեծ եղեռնի հուշահամալիրի կառուցման գործում, առաջարկվել է հուշահամալիրի տարածքին հարող ծառուղին և Սևանի ավազանի դպրոցներից մեկը կոչել Յակով Զարոբյանի անունով», - ասվում է հաղորդագրության մեջ։
Քննարկման արդյունքում հանձնարարվել է` բոլոր առաջարկությունները հաշվի առնելով՝ վերջնական տեսքի բերել իրականացվելիք միջոցառումների ծրագիրը և ներկայացնել հանձնաժողովի հաջորդ նիստի հաստատմանը։-0-