ԵԽԽՎ-ն հայ պատվիրակությանը չի զրկի ձայնի իրավունքից. ՀՀԿ մամուլի քարտուղար

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովը (ԵԽԽՎ) չի զրկի հայ պատվիրակությանը ձայնի իրավունքից, կարծում է Հայաստանի իշխող Հանրապետական Կուսակցության մամուլի քարտուղար, Ազգային ժողովի պատգամավոր Էդուարդ Շարմազանովը։
«ԵԽԽՎ պատժամիջոցները չեն նպաստի Հայաստանի ժողովրդավարացմանը»,- երկուշաբթի լրագրողներին հայտնեց Շարմազանովը։
ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովը մարտի 1-2-ի դեպքերի հետաքննության կապակցությամբ դեկտեմբերի 17-ին առաջարկեց ութ հոգուց բաղկացած հայ պատվիրակությանը զրկել ձայնի իրավունքից։
Շարմազանովի կարծիքով, ԵԽԽՎ-ում Մոնիտորինգային հանձնաժողովի կողմից Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին որոշմանը հավանություն տալը վկայում է Հայաստանի նկատմամբ երկակի ստանդարտների կիրառման մասին։
«ԵԵԽՎ ներկայացուցիչները ճանաչել են Հայաստանի ընտրությունների արդյունքները, իսկ այժմ փորձում են փակել աչքերն օրինական իշխանության բռնի տապալման փորձին»,- ընդգծեց նա։
«Ամեն ինչ պետք է լինի օրենքի սահմաններում, մինչև «յոթ գործով» դատավարության ավարտը»,- հավելեց նա։ Հակառակ դեպքում, ըստ նրա, դա վատ օրինակ կլինի հաջորդ ընտրություններում պարտություն կրողների համար։
«Իմ և կուսակցության կարծիքը հետևյալն է. Հայաստանում չպետք է լինեն քաղաքական հայացքների համար դատապարտված մարդիկ»,- ընդգծեց նա։
Պատգամավորի խոսքերով, Սերժ Սարգսյանը և ՀՀԿ-ն կշարունակեն ժողովրդավարական բարեփոխումների անցկացումը, քանի որ եվրոպական արժեքներին այլընտրանք չկա։ «Մեր եվրոպացի գործընկերները շուտով կգնահատեն այն քայլերը, որոնք ձեռնարկում են հայկական իշխանություններն այդ ուղղությամբ»,- ասաց Շարմազանովը։
Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է տասը քաղաքացի և վիրավորվել 265-ը։-0-