Շուրջ 12 հազար քաղաքացի խուսափում է զինծառայությունից. Դատախազություն

22.12.2008, 18:10
Շուրջ 12 հազար քաղաքացի խուսափում է զինծառայությունից. Դատախազություն

Զինծառայությունից խուսափող և հետախուզության մեջ գտնվող ՀՀ քաղաքացիների ընդհանուր թիվը 2008 թ.-ի հուլիսի 1-ի դրությամբ 11 հազար 580 մարդ է կազմում, հայտնեց ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով վարչության պետ Սարգիս Մնացականյանը։  

«1992- 2007 թթ.-ի ժամանակահատվածում զինծառայությունից խուսափած քաղաքացիների նկատմամբ 23 հազար 498 քրեական գործ է հարուցվել, որոնցից 7,4 հազարը այն անձանց նկատմամբ, ում 27 տարին արդեն լրացել է»,- ասաց նա երկուշաբթի «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի ուժի մեջ լինելու ժամկետի երկարացման հարցով խորհրդարանական լսումների ժամանակ։

ՀՀ գլխավոր դատախազության վարչության պետը նշեց, որ այն խուսափողները, ովքեր ցանկանում են, որպեսզի իրենց նկատմամբ քրեական հետապնդումն ավարտվի ու իրենք հայրենիք վերադառնան, արդեն մեծ տուգանքներ են վճարել։  

Նրա տվյալներով, 2007 թ.-ի աշնանային զորակոչի և 2008 թ.-ի գարնանային զորակոչի արդյունքում հայտնաբերված 653 խուսափողները վճարել են տուգանք՝ 581,3 մլն. դրամի չափով։  

Ինչպես նշեց Մնացականյանը, հավաքված միջոցների մեծ թիվը վկայում է «Սահմանված կարգի խախտումով պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի արդյունավետության մասին։

Գլխավոր դատախազության վարչության պետը նշեց, որ 2007-2008 թթ.-ի ստուգումների ժամանակ մարզային դատախազները ակտիվ համագործակցել են զինկոմիսարիատների հետ, լուծել զորակոչերի հետ կապված հարցեր ու խնդիրներ, իսկ խուսափողների անձնական գործերը մինչև նախաքննչական մարմիններին ուղարկելը մանրամասնորեն ստուգվել են։

Զորակոչերի ընթացքում, Մնացականյանի խոսքերով, հայտնաբերվել ու հաշվառվել են ավելի վաղ չգրանցված զորակոչիկներ, անձինք, ովքեր ոչ մի տեղ չեն սովորում կամ սովորում են առանց տարկետման, կամ կորցրել են բանակից տարկետման իրավունքը։  

Ինչպես նա տեղեկացրեց, զորակոչիկները պարտադիր կերպով իրազեկվել են զինկոմիսարիատ ներկայանալու անհրաժեշտության մասին, իսկ չներկայանալու դեպքում կոմիսարիատների աշխատակիցները գնացել են նրանց բնակության վայրեր և պարզել չներկայանալու պատճառները, անհրաժեշտության դեպքում կազմել արձանագրություն, որոնք կցվել են քրեական գործերին։

«Զորակոչիկների թվում, չնայած ձեռնարկված միջոցառումներին, դեռևս մեծ է չկցագրված կամ կցագրումից խուսափող քաղաքացիների թիվը։ Այդ թիվը զորակոչիկների քանակի մասին հստակ պատկերացում կազմելու հնարավորություն չի տալիս, ինչպես նաև զորակոչիկների զննումներ անցկացնելու և պարզելու, թե արդյոք նրանք որևէ հիվանդություն չունեն»,- ընդգծեց նա՝ ավելացնելով, որ չկցագրված և չհաշվառված զորակոչիկների մեծ մասն ընդհանրապես Հայաստանում չի գտնվում։   

Մնացականյանը նպատակահարմար համարեց «Սահմանված կարգի խախտումով պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի ուժի մեջ լինելու ժամկետի երկարացման մասին առաջարկը, որը սպառվել է 2007 թ.-ի հոկտեմբերի 31-ին։ --0--