Սուրբ Ծննդյան պարագաների ցուցահանդես-վաճառք է բացվել Երևանում

22.12.2008, 11:27
Սուրբ Ծննդյան պարագաների ցուցահանդես-վաճառք է բացվել Երևանում
Սուրբ Ծննդյան պարագաների ցուցահանդես-վաճառք է բացվել Երևանում

Սուրբ Ծննդյան պարագաների ցուցահանդես-վաճառք է բացվել շաբաթ օրը Երևանում։

Ցուցահանդեսի կազմակերպիչ, դիզայներ-ֆլորիստ Նաիրա Մանուկյանի խոսքերով, նման ցուցահանդեսներ կազմակերպվում են արդեն հինգերորդ տարին՝ նվիրված եկեղեցական տոներին։

«Ցուցահանդես-վաճառքի նպատակն է մարդկանց ծանոթացնել Սուրբ Ծննդյան տոնին բնակարանի տոնական ձևավորման ոլորտի նոր միտումներին և նորույթներին», - ասել է Մանուկյանը լրագրողներին։

Նա նշել է, որ ցուցահանդեսին ներկայացված են ամենատարբեր նյութերից պատրաստված ինքնատիպ ձեռագործ տոնածառեր, Սուրբ Ծննդյան մոմեր, հուշանվեր-կոմպոզիցիաներ, դիմակներ և բացիկներ։

Մանուկյանը տեղեկացրել է, որ 2008 թ.-ին ցուցահանդեսին մասնակցում են յոթ դիզայներներ։

«Մենք ցանկանում ենք ցույց տալ մարդկանց, որ տունը կարելի է գեղեցիկ զարդարել ոչ միայն Նոր Տարվա, այլև Սուրբ Ծննդի և եկեղեցական այլ տոների ժամանակ, ինքնատիպ համադրել հոգևորն ու նյութականը», - նշել է Մանուկյանը։

Նա նաև ավելացրել է, որ այս տարի տոնական ձևավորման մոդայիկ գույներն են կանաչն ու արծաթագույնը։-0-