ՀՀ պաշտպանության նախարարությունը բացառում է ճնշման հնարավորությունը շարքային Հասանովի վրա, որը հրաժարվում է վերադառնալ Ադրբեջան

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը կատեգորիկ կերպով հերքել է Բաքվում հնչող պնդումներն այն մասին, թե զինծառայող Ռաֆիկ Հասանովի վրա, որը կամավոր կերպով հանձնվել է հայկական կողմին և հրաժարվում է Ադրբեջան վերադառնալ, ճնշում է գործադրվում։
Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի 3-րդ բանակային կորպուսի 707 մոտոհրաձգային բրիգադի 1-ին գումարտակի 19-ամյա զինծառայող, շարքային Ռաֆիկ Ռահման Օղլի Հասանովը հոկտեմբերի 8-ին խախտել էր հայ-ադրբեջանական սահմանը և կամավոր հայկական կողմին գերի հանձնվել՝ այդ քայլը բացատրելով նրանով, որ ադրբեջանական բանակում ծաղրի և կտտանքների է ենթարկվել։
Հինգշաբթի հայկական հեռուստաալիքները հեռարձակեցին նրա հեռուստատեսային ուղերձը, որում զինծառայողը հայտարարել է, որ հրաժարվում է վերադառնալ Ադրբեջան։ Հասանովը նաև ցանկություն է հայտնել Հայաստանի քաղաքացիություն ստանալ։
«Հասանովն ինքն է խնդրել ելույթ ունենալ տեսախցիկի առջև, և այդ մասին գիտեն Կարմիր Խաչի ներկայացուցիչները։ Դա արվել է նրանց գիտությամբ և նրանց աջակցությամբ», - ասել է Շահսուվարյանը շաբաթ օրը՝ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում։
Նրա խոսքերով, հայկական կողմը ադրբեջանական զինծառայողին Հայաստանում պահելու որևէ մտադրություն չուներ։-0-