Հայկական հյուրանոցների մեծամասնությունը հարմարեցված չէ հաշմանդամների համար. ընկերակցության ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայկական հյուրանոցների մեծամասնությունը հարմարեցված չէ հաշմանդամների համար, կարծում է հաշմանդամ-երեխաների ծնողների «Աստղիկ» ընկերակցության նախագահ Լևոն Ներսիսյանը։
«Հայաստանի հյուրանոցների մեծամասնությունը բացարձակապես հարմարեցված չէ հաշմանդամների համար։ Ընթացիկ կարգի համաձայն, հյուրանոցներում հաշմանդամների համար հնարավորություն է ստեղծվում մտնել ընդունարան, բայց թե որքանով տեղացի կամ արտասահմանցի հաշմանդամներին դա հարմար կլինի, կամ թե նրանք կկարողանան արդյոք օգտվել հյուրանոցի բոլոր հարմարություններից, չգիտես ինչու հաշվի չի առնվում»,- ուրբաթ Ներսիսյանն ասաց լրագրողներին։
Նրա խսոքերով, միջազգային չափանիշներին քիչ թե շատ համապատասխանող երևանյան հյուրանոցներից են Մարիոթ-Արմենիան և Golden Palace-ը, բայց բոլոր չափանիշներին լիովին համապաստխան և հաշմանդամների համար հարմար հյուրանոց Հայաստանում առայժմ չկա։
«Այդ նորմերին պետք է համապատասխանեն ոչ միայն թանկ ու բարձրակարգ հյուրանոցները, այլև ավելի համեստները, քանի որ հաշմանդամ զբոսաշրջիկը կարող է չուզենալ շքեղ հյուրանոցում մնալ։ Կարծում եմ, որ հաշմանդամների համար հարմարությունների առկայությունը անհրաժեշտություն է յուրաքանչյուր հյուրանոցի համար»,- ասաց Ներսիսյանը։
«Հայաստանում գործող հյուրանոցները հաշմանդամների համար ավելի հարմար դարձնելու համար անհրաժեշտ է մի շարք փոփոխություններ մտցնել գործող կանոնակարգում և այն լրացնել նոր գլխով, որում կխոսվի այն մասին, թե հյուրանոցում որքան սենյակ պետք է լինի հաշմանդամների համար, ինչպիսին պետք է լինեն վերելակները և այսպես շարունակ»,- ավելացրեց նա։
Ներսիսյանի կարծիքով այս փոփոխությունների ներմուծումը ոչ միայն հումանիստական նպատակներ կհետապնդի, այլև խելամիտ կլինի տնտեսական տեսակետից, քանի որ կնպաստի ավելի մեծ թվով զբոսաշրջիկների երկիր գալուն։
«Հայտնի է, որ հաշմանդամներն ու ծերերը հաճախ են ճանապարհորդում, իսկ զբոսաշրջությունը Հայաստանում առաջնահերթային ուղղություն է ճանաչվել»,- նշեց Ներսիսյանը։
Սակայն հյուրանոցները, Ներսիսյանի կարծիքով, Հայաստանում գտնվող հաշմանդամների համար միակ խնդիրը չեն։ «Ապագայում ցանկալի կլիներ անդրադառնալ նաև տարբեր հասարակական շինությունների թեմային, որտեղ անպայման պետք է հաշմանդամների համար հարմար սանհանգույցներ լինեն»,- ասաց Ներսիսյանը։ --0--