Երևանում ամանորյա եղևնիները կվաճառվեն հատուկ հատկացված վայրերում

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երևանում ամանորյա եղևնիները կվաճառվեն մայրաքաղաքի համայնքների՝ հատուկ դրա համար հատկացված վայրերում, ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։
«Մայրաքաղաքում եղևնիների և սոճիների վաճառքը կանոնակարգելու ուղղությամբ կա Երևանի քաղաքապետի կարգադրությունը, համաձայն որի հստակ սահմանված են նման առևտուր կազմակերպելու համար թույլատրված վայրերը: Դրանք առկա են մայրաքաղաքի բոլոր համայնքներում: Ընտրված են համայնքների կոմունիկացիոն առումով հարմար վայրեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նշված հասցեներում առևտուրն իրականացվում է տվալ համայնքի ղեկավարի կողմից տրված համապատասխան թույլտվությամբ:
Մամուլի ծառայությունում նշեցին, որ խստիվ արգելվում է այլ տարածքներում և Երևանի քաղաքային նշանակության պողոտաների, մայրուղիների և փողոցների երթևեկելի մասերում ավտոմեքենաների թափքերից կատարվող առևտուրը: Կարգազանց վաճառողների նկատմամբ կկիրառվեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված պատժամիջոցներ։ --0--