Կոսովոյի, Հարավային Օսեթիայի և Աբխազիայի ճանաչումն աշխարհում փոխեց աշխարհաքաղաքական իրավիճակը

18.12.2008, 19:42
Կոսովոյի, Հարավային Օսեթիայի և Աբխազիայի ճանաչումն աշխարհում փոխեց աշխարհաքաղաքական իրավիճակը

Կոսովոյի, Հարավային Օսեթիայի և Աբխազիայի ճանաչումն աշխարհում փոխեց աշխարհաքաղաքական իրավիճակը, կարծում է հայ փորձագետ Մասիս Մայիլյանը։  

«2008 թվականը նախևառաջ նշանավորվեց Խորհրդային Միության և Հարավսլավիայի նախկին ինքնավարությունների՝ Հարավային Օսեթիայի, Աբխազիայի և Կոսովոյի անկախության ճանաչմամբ՝ դրանից բխող հետևանքներով ու փոփոխություններով, հինգշաբթի Կովկասի ինստուտում կլոր սեղանի ընթացքում ասաց Մայիլյանը։  

«Այս իրադարձությունները շատ հարցերում փոխեցին աշխարհաքաղաքական իրավիճակն աշխարհում ընդհանրապես և հարավկովկասյան տարածաշրջանում մասնավորապես»,- նշեց փորձագետը։

Աշխարհաքաղաքական փոփոխությունների շրջանում նա թվարկեց Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների ժամանակավոր սառեցումը, տարածաշրջանում իր դերն ակտիվացնելու Թուրքիայի ձգտումը, Ադրբեջանի քաղաքականության փոփոխությունը, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հարցում ռազմատենչ հռետորության դադարեցումը։   

Խոսելով նոյեմբերի 2-ին Ղարաբաղյան հարցի վերաբերյալ ընդունված հռչակագրի մասին՝ Մայիլյանն այն «զիջումային և հավասարակշռված փաստաթուղթ» անվանեց։

«Հռչակագրի դրական կողմն իմ կարծիքով կարգավորման ՄԽ-ի ձևաչափի պահպանումն ու հարցի քաղաքական լուծմանը հավատարիմ մնալն է»,- ասաց նա։

Հռչակագրի թույլ կողմը փորձագետը համարում է դրա կնքման ժամանակ ԼՂՀ ներկայացուցչի բացակայությունը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Դմիտրի Մեդվեդևի և Իլհամ Ալիևի կիրակնօրյա հանդիպումից հետո երեք երկրների առաջնորդները ստորագրել են հռչակագիր, որտեղ կողմերը պատրաստակամություն են հայտնում նպաստել Հարավային Կովկասում իրավիճակի առողջացմանը և տարածաշրջանում կայունության ու անվտանգության մթնոլորտի հաստատման ապահովմանը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման ճանապարհով:-0-