Հայաստանը ԵԽԽՎ-ում հազիվ թե զրկվի ձայնի իրավունքից. փորձագետ
Հայաստանը ԵԽԽՎ-ում հազիվ թե զրկվի ձայնի իրավունքից, կարծում է հայ քաղաքագետ Անուշ Սեդրակյանը։
«Ես կարծում եմ, որ մեզ ձայնի իրավունքից չեն զրկի։ Քանի որ մինչ այդ որոշակի քայլեր կձեռնարկվեն։ Եվ ես չեմ կարծում, որ մենք այդքան կգցենք երկրի միջազգային վարկանիշը»,- ասաց նա հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ՝ հավելելով, որ հակառակ դեպքում Հայաստանը իրեն կզրկի իր ներքին խնդիրները լուծելու բոլոր հնարավորություններից։
Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի մոնիտորինգային հանձնաժողովը դեկտեմբերի 17-ին հավանություն է տվել ՀՀ պատվիրակությանը ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից զրկելու առաջարկին։
Մոնիտորինգային հանձնաժողովի զեկուցողներ Ջոն Պրեսկոտն ու Ջորջ Կոլոմբյեն ներկայացրել են Հայաստանի կողմից ԵԽԽՎ 1609 և 1620 բանաձևերի կատարման գործընթացի մասին զեկույցի նախագիծը, որում ընդգրկված էին անձանց քրեական հետապնդման կետերի հանդեպ բացասական արձագանքներ, և միևնույն ժամանակ դրական էին գնահատված ԶԼՄ-ների, ընտրական բարեփոխումների նկատմամբ Հայաստանի քայլերն ու Երևանում մարտի 1-2 դեպքերի փաստահավաք խմբի ստեղծումը։
Սեդրակյանի կարծիքով, Եվրոպայի վճռականությունը կապված է որոշակի հեռատես ռազմավարական ծրագրերի հետ, և ամեն ինչ կախված է այն բանից, թե Եվրոպան Հայաստանից կոնկրետ ինչ է ակնկալում։
«Բանաձևի վերջին խստացումը պայմանավորված է ռազմավարական հեռանկարներով, քանի որ վերջին ժամանակներում Հայաստանում չեն եղել դեպքեր, որոնք հանգեցնեին նման խիստ գնահատականների։ Բանաձևի խստացումը, կարծում եմ, տեղի է ունենում ԵԽ-ի ռազմավարական ծրագրման շրջանակներում»,- ասաց Սեդրակյանը։
Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է տասը քաղաքացի և վիրավորվել 265-ը։ 0-