Տեղեկատվական անվտանգության ռազմավարության մշակման միջգերատեսչական աշխատանքային խումբ կստեղծվի Հայաստանում 2009 թ.-ի սկզբին

Տեղեկատվական անվտանգության ռազմավարության մշակման միջգերատեսչական աշխատանքային խումբ կստեղծվի Հայաստանում 2009 թ.-ի սկզբին, տեղեկացրեց ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը՝ Երևանում դեկտեմբերի 18-19-ը անցկացվող «Տեղեկատվական պատերազմներ» թեմայով միջազգային կոնֆերանսի ժամանակ։
Կոնֆերանսը նվիրված է «Արմենպրես» լրատվական գործակալության 90-ամյա հոբելյանին։
«Մեկ շաբաթ առաջ տեղի է ունեցել Ազգային անվտանգության խորհրդի նիստը, որի ժամանակ քննարկումների արդյունքում մենք եկանք այն եզրակացության, որ Հայաստանում պետք է ձևավորվի առանձին միջգերատեսչական հանձնաժողով, որը կզբաղվի Հայաստանի տեղեկատվական անվտանգության ռազմավարության մշակմամբ», - ասաց Բաղդասարյանը։
Նրա խոսքերով, որոշում է ընդունվել 2009 թ.-ի սկզբին ստեղծել նմանատիպ միջգերատեսչական խումբ, որի կազմում կընդգրկվեն Հայաստանի պաշտոնատար անձինք և փորձագետներ։
Բաղդասարյանը նշեց, որ գլոբալիզացվող աշխարհում արագ տարածվող տեղեկատվական պատերազմների պայմաններում Հայաստանը պետք է համապատասխան հայեցակարգ ունենա։
«Մենք պետք է կարողանանք գտնել տեղեկատվական պատերազմի հետ կապված վտանգներին հակազդելու արդյունավետ մեխանիզմներ՝ պետության ուշադրության կենտրոնում պահելով տեղեկատվական անվտանգության խնդիրները», - ասաց Բաղդասարյանը։
Նա կարծում է, որ Հայաստանի համապատասխան պետական կառույցները պետք է պատրաստ լինեն արձագանքել հնարավոր վտանգներին։
Բացի այդ, Անվտանգության խորհրդի քարտուղարի կարծիքով, շատ կարևոր է ձևավորել բարենպաստ հասարակական միջավայր։ «Կարևոր է, որպեսզի մենք պատրաստ լինենք դիմակայել նման երևույթներին», - նշեց Բաղդասարյանը։
Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի կարծիքով, շատ կարևոր է գիտակցել, որ տեղեկատվական պատերազմները շատ վտանգավոր են և կարող են վնասել ժողովրդի և պետության ապագային։-0-