Հայաստանը կատարել է ԵԽԽՎ պահանջների մեծ մասը. ՀՀ ԱԳՆ

18.12.2008, 10:51
Հայաստանը կատարել է ԵԽԽՎ պահանջների մեծ մասը. ՀՀ ԱԳՆ
Հայաստանը կատարել է ԵԽԽՎ պահանջների մեծ մասը. ՀՀ ԱԳՆ

Հայաստանը կատարել է ԵԽԽՎ N1609 և N1620 բանաձևերի պահանջների մեծ մասը, կարծում է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

«ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովը դեկտեմբերի 17-ի նիստի ժամանակ առաջ է քաշել Հայաստանի համար անբարենպաստ որոշ առաջարկություններ, որոնց օգտին քվեարկել են 15 անդամներից 10-ը։ Սակայն հարցը դեռևս քննարկվելու է և դրվելու է քվեարկության ԵԽԽՎ հունվարին կայանալիք նստաշրջանի ժամանակ։ Հավանական է, որ հունվարին իրավիճակը հնարավորություն կտա վերանայել այդ առաջարկությունները և հաստատել, որ Հայաստանը իրագործել է N1609 և N1620 բանաձևերի պահանջների մեծ մասը», - չորեքշաբթի լրագրողներին ասել է նախարարը։

ԵԽԽՎ-ն գարնանային և ամառային նստաշրջանների ժամանակ ընդունեց  Հայաստանի վերաբերյալ 1609 և 1620 բանաձևերը, որոնցով նախատեսվում է, որ եթե  չիրականացվի Երևանի մարտի 1-ի դեպքերի օբյեկտիվ հետաքննություն, չամրապնդվեն ժողովրդավարական ինստիտուտները և չհաստատվի քաղաքական երկխոսություն, ապա հնարավոր է Հայաստանը զրկվի ձայնի իրավունքից։ Համաձայն 1620 բանաձևի, Վեհաժողովի պահանջների կատարման ժամկետը հետաձգվել է մինչև հունվարյան նստաշրջան:

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը տեղեկացրել է, որ մինչ ԵԽԽՎ հունվարյան նստաշրջան դիտորդական հանձնաժողովի զեկուցողներ Պրեսկոտն ու Կոլոմբիեն կայցելեն Հայաստան և կուսումնասիրեն իրավիճակը։

Ինչպես հավաստել է ՀՀ ԱԳ նախարարը, Հայաստանի դիրքորոշումը սկսած բարեփոխումների շարունակությունն է, քանի որ դա համապատասխանում է ժողովրդի շահերին։

«Եվ դա գիտակցված ընտրություն է։ Մենք հարգում ենք այն կառույցները, որտեղ ներգրավված ենք, և մեր պարտավորությունները նրանց առջև։ Կարծում եմ, որ այդ պարտավորությունները մենք կատարում ենք և կշարունակենք կատարել», - հավաստել է Նալբանդյանը։ -0-