2009 թվականից Հայաստանում կսկսեն բուժել դեղորայքակայուն տուբերկուլյոզով հինվանդներին

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. 2009 թվականից Հայաստանում կսկսեն բուժել դեղորայքակայուն տուբերկուլյոզով հիվանդներին (ԴԿ-ՏԲ), հայտնեց Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային ծրագրի վիճակագիր Նարինե Մեժլումյանը։
«2009 թվականին նախատեսվում է սկսել ԴԿ-ՏԲ հիվանդների բուժումը ողջ երկրում, ինչի կապակցությամբ ներկայումս վերանորոգվում է Աբովյանի հիվանդանոցի հարյուր տեղանոց բաժանմունքը ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու համար»,- լրագրողներին հայտնեց Մեժլումյանը։
Տուբերկուլյոզի բուժումը, որպես կանոն, կատարվում է հակատուբերկուլյոզային չորս ստանդարտ՝ առաջին գծի դեղամիջոցներով։ Այդ դեղամիջոցների ոչ ճիշտ օգտագործման կամ բուժման ընդհատման դեպքում կարող է զարգանալ կայունություն այդ դեղամիջոցներից մեկի կամ մի քանիսի նկատմամբ, և այդ դեպքում զարգանում է դեղորայքակայուն տուբերկուլյոզ։
«Շատ կարևոր է, որ «սովորական» տուբերկոլյոզով հիվանդները չդադարեցնեն բուժումը, որը տևում է ընդամենը 6-8 ամիս և կարող է ապահովել նրանց լիակատար բուժումը։ Հակառակ դեպքում հիվանդությունը կարող է դառնալ դեղարայքակայուն, և հիվանդը կարող է վարակել իրեն շրջապատողներին արդեն «կայուն» տուբերկուլյոզով, որի բուժումն ավելի բարդ է և պահանջում է թանկարժեք դեղամիջոցներ՝ տարբեր կողմնակի ազդեցություններով»,- ասաց Մեժլումյանը։
Նա նշեց նաև, որ ավելի վաղ դեղորայքակայուն տուբերկուլյոզի բուժումը Հայաստանում իրականացնում էր «Բժիշկներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը։ Մինչև 2008թ.-ը բուժումն իրականացվում էր միայն Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ համայնքներում, իսկ 2008 թվականից ծրագրում ընդգրկվեցին նաև Նոր Նորք, Ավան և Աջափնյակ համայնքները։
Ըստ նրա, 2009թ. նախատեսվում է սկսել ԴԿ-ՏԲ 60 հիվանդների, իսկ 2010-ին՝ ևս 120 մարդու բուժումը։ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը կշարունակի բուժել և աջակցություն ցուցաբերել պետությանը։
Ինչպես նշեց Մեժլումյանը, դեղորայքակայուն տուբերկուլյոզի բուժումը տևում է 2 տարի, իսկ հիվանդների առողջացման տոկոսը, միջազգային տվյալների համաձայն, կազմում է 30 տոկոս։
Ինչպես «սովորական», այնպես էլ դեղորայքակայուն տուբերկուլյոզի բուժումը Հայաստանում իրականացվում է պետպատվերի շրջանակներում։
«Տուբերկուլյոզի դեղորայքակայուն տեսակի բուժումը պետությունից մեծ ծախսեր է պահանջում. մոտ 14-20 հազար ԱՄՆ դոլար յուրաքանչյուր հիվանդի համար, քանի որ պահանջվում են ոչ միայն թանկ դեղամիջոցներ, այնև կողմնակի ազդեցությունների կառավարում, հոգեբանի օգնություն, հորմոնալ հետազոտություններ և այսպես շարունակ»,- պարզաբանեց Մեժլումյանը։ -0-