Հայաստանում քննարկվում է հետազոտական համալսարանի ստեղծման հնարավորությունը

17.12.2008, 18:43
Հայաստանում քննարկվում է հետազոտական համալսարանի ստեղծման հնարավորությունը

ՀՀ կրթության  և գիտության նախարարությանն առընթեր Գիտության պետական կոմիտեն քննարկում է հանրապետությունում հետազոտական համալսարանի ստեղծման հնարավորությունը, հայտարարեց Պետկոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը։

«Դա գիտակրթաարտադրական կենտրոնների սկզբունքով գործող կառույց կլինի, որի նպատակն է լինելու գիտության և կրթության ոլորտների ինտեգրումը»,- ասաց նա լրագրողներին չորեքշաբթի։

Հարությունյանն ափսոսանք հայտնեց, որ այսօր ակադեմիական գիտության և ճյուղային ինստիտուտների ներկայացուցիչների մեծամասնությունը չի մասնակցում բուհական մակարդակով նոր մասնագետների պատրաստմանը։

«Հայաստանը կարող է ընթանալ Իսրայելի ուղով, որտեղ ներկայումս գործում է Վայսմանի ինստիտուտը, որը միավորել է երկրում գործող բուհերն ու գիտական հաստատությունները»,- ասաց նա։

Նշելով, որ նման կառույցի ստեղծման կարգն ամրագրված է 2009թ. Պետկոմիտեի ծրագրերում, Հարությունյանը հայտնեց նաև, որ քննարկել է այդ հարցը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ։ -0-