Հայաստանի վերլուծաբանները կոչ են անում վրացական կողմին հրաժարվել հակահայկական ծրագրերից

17.12.2008, 14:29
Հայաստանի վերլուծաբանները կոչ են անում վրացական կողմին հրաժարվել հակահայկական ծրագրերից
Հայաստանի վերլուծաբանները կոչ են անում վրացական կողմին հրաժարվել հակահայկական ծրագրերից

«Միտք» վերլուծական կենտրոնը տարածել է հայտարարություն, որտեղ կոչ է անում վրացական կողմին հրաժարվել հակահայկական ծրագրերի իրականացումից, որոնք կապված են հայկական Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջանում թուրք-մեսխեթցիների վերաբնակեցման հետ։

«Նովոստի-Արմենիա» գործակալություն ստացված հայտարարության մեջ նշվում է, որ պատմական հայկական Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջանը, որը ներկայում գտնվում է Վրաստանի իրավաբանական տարածքում, իր ռազմավարական դիրքով և պարունակող խնդիրներով անդրկովկասյան տարածաշրջանի քաղաքական զարգացումներում ունի հսկայական ազդեցություն:

«Հայտնի է նաև, որ մինչ 1944 թվականը այս տարածաշրջանում ապրել և նույն թվականին այստեղից տեղափոխվել են շուրջ 90.000 «թուրք-մեսխեթցիներ» համարվող հանրության ներկայացուցիչներ: Հետխորհրդային շրջանում և հատկապես` Եվրոպայի Խորհրդին անդամակցելուց հետո (1999թ.), Վրաստանն իր վրա պարտավորություն է վերցրել՝ կազմակերպելու այս մարդկանց վերադարձը իրենց նախկին բնակավայրեր: Իրենց տեղափոխումից` 1944թ., մինչ այսօր թուրք-մեսխեթցիների թվաքանակը կտրուկ ավելացել է՝ հասնելով 400-500 հազարի», - նշվում է հայտարարության մեջ։

Հայ վերլուծաբանները կարծում են, որ այս ամենին զուգահեռ` գնալով ակտիվանում են նաև այն երկրները, որտեղ ապրում են մեծ թվով թուրք-մեսխեթցիներ: «Այդպիսի նախաձեռնություններով պարբերաբար հանդես են գալիս Թուրքիան ու Ադրբեջանը, վերջին շրջանում նաև՝ Ռուսաստանն ու վերջինիս հարավային ինքնավար հանրապետությունները: Այդպիսի նախաձեռնությամբ բոլորովին վերջերս հանդես եկավ, օրինակ, Ինգուշեթիան, որտեղ ստեղծվել է այդ հանրապետության տարածքում բնակվող շուրջ 10 հազար թուրք-մեսխերի՝ Վրաստանում կամավոր վերաբնակեցմանն օժանդակություն ցուցաբերելու հարցերով միջգերատեսչական աշխատանքային խումբ», - նշվում է հայտարարության մեջ։

«Մենք՝ «Միտք» վերլուծական կենտրոնի, ինչպես նաև ՀՀ մի շարք երիտասարդական և քաղաքական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներս, դեմ լինելով մարդկանց պարտադրաբար հայրենազրկմանը, միաժամանակ անթույլատրելի ենք համարում ներկա պայմաններում գեթ մի թուրք-մեսխեթցու վերադարձը Սամցխե-Ջավախք-Ծալկայի տարածաշրջան», - ընդգծվում է փաստաթղթում։

Մասնավորապես, հայ վերլուծաբանները կարծում են, որ 1944 թվականին լինելով 90 հազար՝ թուրք մեսխեթցիների թիվը ներկայում հասել է 500 հազարի, որը ինքնին արդեն տեխնիկական և մի շարք այլ առումներով անհնարին է դարձնում վերջիններիս տեղավորումը Սամցխե-Ջավախք-Ծալկայում:

Բացի այդ, փաստաթղթում նշվում է, որ Սամցխե-Ջավախք-Ծալկան վրացականացնելու Վրաստանի ակտիվ քաղաքականությունը այս տարիներին արհեստական վերաբնակեցման միջոցով անհամեմատ ավելացրել է այս տարածաշրջանում վրացական տարրը, որը ևս տեխնիկական խոչընդոտ է վերաբնակեցման համար:

«Սամցխե-Ջավախք-Ծալկան, լինելով պատմական հայկական և ներկայումս 70 տոկոսով հայերով բնակեցված տարածաշրջան, ներկայումս փաստացի Հայսատան է, թեև չի գտնվում Հայաստանի Հանրապետության իրավաբանական սահմաններում: Սամցխե-Ջավախք-Ծալկայում հայկական գործոնի առկայության պայմաններում անթույլատրելի է թուրք-մուսուլմանական զանգվածի բնակեցումը այստեղ, որը բերելու է հայ-թուրքական լայնածավալ առճակատմանը և Անդրկովկասում լարվածության վերարթնացմանը», - ընդգծվում է հայտարարության մեջ։ 

Փաստաթղթի հեղինակները կարծում են, որ թուրք-մեսխեթցիների գործոնը որոշ երկրների, և հատկապես՝ Թուրքիայի և Ադրբեջանի համար, իրականում ոչ թե «մարդու իրավունքների վերականգնման խնդիր է», այլ՝ Սամցխե-Ջավախք-Ծալկան վերջնականորեն մուսուլմանականացնելու, դրանով թուրք-ադրբեջանական ցամաքային կապ ստեղծելու, միաժամանակ նաև՝ Հայաստանը վերջնականորեն շրջափակելու միջոց։ Այս ամենը խոշոր հաշվով նաև նպատակ ունի ընթացք տալու այն պանթուրքիստական և թուրանական ծրագրերին, որոնց իրականացումը, թեև լինելով մշտական օրակարգային հարց, այնուամենայնիվ մինչ օրս տեղի չի ունեցել:

«Ելնելով այս ամենից՝ կոչ ենք անում Վրաստանի իշխանություններին սթափվել և գիտակցել, որ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից թելադրված ցանկացած հակահայկական ծրագրի իրականացում առաջնահերթորեն ուղղված է հենց իր դեմ: Նույնպես և ներկայումս, երբ իր թույլտվությամբ և աջակցությամբ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից լայնորեն իրականանում է ՀՀ շրջափակումը, Վրաստանը պետք է գիտակցի հետևյալը. ՀՀ-ի շրջափակումը, դրանով նաև պանթուրանական ծրագրերի իրագործման խթանումը իրականանալու է Վրաստանի դիակի վրայով», - ասվում է հայտարարության մեջ։

«Կոչ ենք անում Վրաստանին, Թուրքիային, Ադրբեջանին և Ռուսաստանին` դադարեցնելու թուրք-մեսխեթցիներին վերադարձնելուն ուղղված քաղաքականության իրագործումը: Հակառակ դեպքում` ինչպես «Միտք»  վերլուծական կենտրոնը, այնպես էլ Հայաստանի և Սամցխե-Ջավախք-Ծալկայի մի շարք հասարակական-քաղաքական ներկայացուցիչներ, կսատարեն տարածաշրջանի հայության կողմից արթնացող զանգվածային բողոքի ալիքներին, որը հղի է ինչպես տարածաշրջանի, այնպես էլ Վրաստանի համար անցանկալի և անկանխատեսելի հետևանքներով», - ասվում է փաստաթղթում։-0-