Հայ-չինական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. խոսնակ

16.12.2008, 20:12
Հայ-չինական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. խոսնակ

Հայ-չինական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն, և երկու երկրների խորհրդարանների միջև ակտիվ կապերը դրական ազդեցություն կունենան միջպետական կապերի զարգացման վրա, երեքշաբթի ասաց ՀՀ խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը Չինաստանի փոխվարչապետ Լի Ցզյանգոյի հետ հանդիպման ժամանակ։   

Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը ներկա են եղել երկու երկրների դեսպանները` Հայաստանում ՉԺՀ դեսպան Խուն Ցզյուինը և Չինաստանում ՀՀ դեսպանը Արմեն Սարգսյանը, կողմերը քննարկել են տնտեսական կապերի խորացմանը վերաբերող հարցեր։

Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման օրից մեծ աշխատանք է կատարվել բարեկամության ու գործընկերային հարաբերությունների զարգացման ուղղությամբ: Աժ նախագահը վստահություն հայտնեց, որ ՉԺՀ Համաչինական Ժողովի Ժողովրդական Ներկայացուցիչների Մշտական Կոմիտեի նախագահ Ու Բանգոյի հետ ստորագրած միջխորհրդարանական համագործակցության հուշագիրը ևս խթան կդառնա կապերի խորացման համար:

Կարևորվեց, որ արագ տեմպերով աճում են երկկողմ առևտրաշրջանառության ծավալները, որոնց պահպանումը երկու տարուց Չինաստանին հնարավորություն կտա Հայաստանի հիմնական առևտրական գործընկերներից մեկը դառնալու: Պարոն Աբրահամյանը նշեց, որ ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Գեղամ Ղարիբջանյանի և ՉԺՀ արտաքին գործերի փոխնախարար Լի Հուեյի հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև արտաքին քաղաքական համագործակցության և տնտեսության ոլորտում նոր ծրագրերի իրականացման հարցերը:

Աժ նախագահը նշեց, որ Չինաստանին է փոխանցվել Հայաստանը Իրանին միացնող երկաթուղագծի շինարարության տեխնիկատնտեսական զեկույցը, որպեսզի ՉԺՀ կառավարությունն ուսումնասիրի իր մասնակցության հնարավորությունը նախագծին: Աժ նախագահը կարևոր է համարում Հայաստանի և Չինաստանի միջև օդային կապի ստեղծումը, որը մեծապես կնպաստի տնտեսական հարաբերությունների զարգացմանը:

Աբրահամյանը կարևորեց չինական ZTE ընկերության գործունեությունը Հայաստանում և չինական էներգետիկ ընկերությունների մասնակցությունը մեր երկրի էներգետիկայի ոլորտի զարգացմանը: Կարևորվեց նաև համագործակցությունը քիմիական արդյունաբերության ոլորտում` մասնավորապես «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության գործունեությունը, որը հնարավորություն է ստեղծում համատեղ գիտաարտադրական հաստատություն հիմնել Հայաստանում:

Աժ նախագահն անդրադարձավ նաև հայ-չինական միջկառավարական հանձնաժողովի գործունեությանը, որը կարևոր դեր ունի երկկողմ հարաբերությունների զարգացման, համատեղ տնտեսական ծրագրերի իրականացման առումով:

Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց ՉԺՀ պետական խորհրդի փոխնախագահ Լի Կեցյանին` Չինաստանի կառավարության կողմից ամենամյա անհատույց օգնության համար Հայաստանին:

Հանդիպման ընթացքում պարոն Աբրահամյանն անդրադարձավ նաև համաշխարհային ‎ֆինանսական ճգնաժամի հետևանքների հաղթահարմանը` կարևոր համարելով համագործակցությունը նաև այդ հարցերում: --0--