Համաշխարհային բանկը կարող է աջակցություն ցուցաբերել ՀՀ սփյուռքի նախարարությանը
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երեքշաբթի ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Համաշխարհային բանկի Հայաստանյան գրասենյակի տնօրեն Արիստոմեն Վարուդակիսի հետ քննարկեց համագործակցության հեռանկարները:
Հրանուշ Հակոբյանը կարևորեց Համաշխարհային բանկի դերը Հայաստանում ծրագրերի իրականացման գործում: Նա հյուրին ներկայացրեց Սփյուռքի նախարարության այն ծրագրերը, որոնք հնարավոր է հովանավորվեն Համաշխարհային բանկի կողմից:
Նախարարը հատկապես կարևորեց սփյուռքում կրթական հիմնախնդիրներին ուղղված ծրագրերը և հեռավար (դիստանցիոն) ուսուցման կազմակերպումը:
Իր հերթին Արիստոմենե Վարուդակիսը ներկայացրեց ՀՀ կառավարության հետ առաջիկա 4 տարիներին բանկի կողմից Երկրին օժանդակության ռազմավարության (ԵՕՌ) շրջանակներում նախատեսվող ծրագրերի մասին:
«Համաշխարհային բանկի Հայաստանյան գրասենյակի տնօրենը նշեց, որ կրթութան ոլորտում իրականացվելու են կարևոր ծրագրեր բարձրագույն կրթության համար, սակայն ընդհանուր նպատակը` կրթական որակի բարձրացումն է նախադպրոցական և հանրակրթության ոլորտներում»,- նշվում է հաղորդագրությունում։
Կողմերը քննարկեցին նաև բարձր տեխնոլոգիաների միջոցով համահայկական մասնագիտական ցանցի ստեղծմանը, ինչպես նաև տեսակոնֆերանսների, հեռուստակամուրջների կազմակերպմանը վերաբերող հարցերում համագործակցության եզրերը:
Արիստոմենե Վարուդակիսը կարևորեց նախարարության նախաձեռնություններն ու առաջարկությունները և իր պատրաստակամությունը հայտնեց` աջակցելու նրա ծրագրերի իրականացմանն ու կապերի խթանմանը: -0-