ՀՀ նախագահը բարձր է գնահատում ԵԱՀԿ աջակցությունը երկրում իրականացվող բարեփոխումներին

16.12.2008, 17:29
ՀՀ նախագահը բարձր է գնահատում ԵԱՀԿ աջակցությունը երկրում իրականացվող բարեփոխումներին
ՀՀ նախագահը բարձր է գնահատում ԵԱՀԿ աջակցությունը երկրում իրականացվող բարեփոխումներին

Նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դը Բրիշամբոյին և նրան ուղեկցող պատվիրակությանը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունից։  

«Բարձր գնահատելով ԵԱՀԿ մշտական աջակցությունը մեր երկրում իրականացվող բարեփոխումերին՝ հանրապետության նախագահը նշել է, որ Հայաստանը, որպես անդամ պետություն, շահագրգռված է ընդլայնել փոխգործակցության շրջանակը` ներգրավելով նոր ոլորտներ ու խնդիրներ»,- նշեցին մամուլի ծառայությունում:

Սերժ Սարգսյանը ԵԱՀԿ հետ փոխգործակցությունը կարևորել է՝ նկատի առնելով նաև, որ այդ Կազմակերպության շրջանակում է ընթանում ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացը:

«Զրուցակիցները խոսել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հնարավորությունների և հանգուցալուծման  գործընթացում ԵԱՀԿ դերակատարության մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Սարգսյանը և Բրիշամբոն մեծ նշանակություն են տվել Հելսինկիում ընդունված ԵԱՀԿ ԱԳ նախարարների և ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների արտգործնախարարների հայտարարություններին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ:

«Նրանք համակարծիք են եղել, որ ռազմատենչ հայտարարությունները որևէ ձևով չեն կարող նպաստել առկա խնդիրների կարգավորմանը, և օգոստոսյան իրադարձությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին  հակամարտությունները բռնի ուժով լուծելու վտանգավորությունը»,- նշեցին մամուլի ծառայությունից:

Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանում իրականացվող քաղաքական ու տնտեսական բարեփոխումներին: «Նշելով, որ նախագահ Սարգսյանն իր պաշտոնավարման ընթացքում համարձակ և լայնախոհ քայլեր է ձեռնարկել բարեփոխումների իրականացման ուղղությամբ, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը հետաքրքրվել է, թե որ ոլորտներում Կազմակերպությունը կարող է օգտակար լինել»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Երկրի ղեկավարն ասել է, որ իշխանությունները վճռական են և հետևողականորեն շարունակելու են բարեփոխումները, որոնք ամրագրված են նախագահի նախընտրական ծրագրում և համահունչ են քաղաքական կոալիցիայի հռչակած առաջնահերթություններին:--0--