Եվգենի Պլյուշչենկոն ցանկանում է իր ներդրումն ունենալ հայկական գեղասահքի զարգացման գործում

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն ցանկանում է իր ներդրումն ունենալ Հայաստանում գեղասահքի զարգացման մեջ։
Դեկտեմբերի 27-28-ին Երևանի ՄՀՀ-ում գործող սահադաշտի նյութատեխնիկական բազայի վրա կբացվի Պլյուշչենկոյի անվան գեղասահքի դպրոց։
«Ես չեմ ցանկանում պարզապես անուն տալ այդ դպրոցին։ Ես ուզում եմ մասնակցել դրա զարգացմանն ու ներդրում ունենալ Հայաստանում գեղասահքի զարգացման գործում։ Ուզում եմ մնալ այդ դպրոցի հետ մինչև վերջ, մարզել երեխաներին, տարբեր շոուներ ու միջոցառումներ կազմակերպել»,- երեքշաբթի Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց աշխարհի եռակի և Եվրոպայի հնգակի չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն։
Գեղասահորդը հայկական մայրաքաղաք է ժամանել սահադաշտը դիտելու և նրա որակը գնահատելու նպատակով։
Պլյուշչենկոն ՄՀՀ սահադաշտի սառույցի որակը գերազանց է բնութագրել՝ նշելով, որ նման դահլիճում կարելի է նույնիսկ աշխարհի ու Եվրոպայի առաջնություններ անցկացնել։
«Սառույցը չափավոր կերպով է կոշտ և փափուկ։ Դահլիճը շատ ընդարձակ է... Այստեղ է հանգիստ կարելի է միջազգային մրցույթներ անցկացնել։ Բացի այդ, ես այստեղ հրաշալի մարզադահլիճ եմ տեսնում, ինչը ևս շատ կարևոր է ընդհանուր ֆիզիկական պատրաստվածության պարապմունքներ անցկացնելու համար»,- ասաց նա։
Հանրահայտ գեղասահորդը նաև նշեց, որ կուզենար նաև գեղասահքի հայկական դպրոցում միջազգային դասընթացներ անցկացնել, ուր հնարավոր կլիներ հրավիրել ճապոնացի, ամերիկացի և ռուս գեղասահորդների։
Իր այցի շրջանակներում Պլյուշչենկոն նաև հանդիպեց հայ պատանի գեղասահորդների հետ, ովքեր օլիմպիական չեմպիոնին ցույց տվեցին, թե մինչ այժմ ինչ են հասցրել սովորել, իսկ նա ի պատասխան մի փոքր վարպետության դաս անցկացրեց։
«Ես տեսա, որ երեխաները ցանկություն ունեն, կա խանդավառություն։ Երբ ես ինքս 4 տարեկանում եկա սահադաշտ և նայեցի սահող երեխաներին, ասացի. «Ես ուզում եմ, ես ուզում եմ սահել»։ Ես խիստ խանդավառված էի, ես իրոք շատ էի ուզում։ Եվ դա շատ կարևոր է»,- նշեց Պլյուշչենկոն։
Գեղասահորդը ուշադրություն հրավիրեց նաև այն բանին, որ գեղասահք սովորող երեխաների մեծ մասը 4-5 տարեկան է, և դա հենց այն տարիքն է, երբ նրանք պետք է կամաց-կամաց սովորել սկսեն։
Այս առնչությամբ գեղասահորդը շատ կարևորեց մարզիչների արհեստավարժությունը, ովքեր պետք է երեխաների հանդեպ ճիշտ մոտեցում գտնեն։
«Երեխաները լաց էլ են լինելու, ընկնելու էլ են սառույցի վրա։ Բայց ամեն ինչ լավ կլինի, և շատ կարևոր է, որ մարզիչները երեխաների մեջ չսպանեն սահելու ցանկությունը»,- ասաց Պլյուշչենկոն՝ ավելացնելով, որ կցանկանար դպրոցում լավ, պրոֆեսիոնալ մարզիչներ տեսնել, հատկապես Ռուսաստանից։
Պլյուշչենկոն չբացառեց, որ ապագայում հնարավոր է դպրոցի լավագույն սաներին իր հետ աշխարհով մեկ շրջագայությունների ու շոուների տանի։ «Պրոֆեսիոնալների կողքին սահելու ընթացքում առաջ եկած էներգետիկան ու հուզականությունը նրանց համար մեծ օժանդակություն կլինի»,- ասաց Պլյուշչենկոն։
Հանրահայտ գեղասահորդը նաև նշեց, որ երեխաներ ընդունելու գործում սահմանափակ մարզադպրոց չպետք է լինի, քանի որ դպրոցի նպատակը գեղասահքը ամբողջ աշխարհում և մասնավորապես Հայաստանում մասսայականացնելն է։
«Ես շատ եմ լսել Երևանի ու Հայաստանի մասին։ Հիմա ես համոզվում են, որ հայերը բարյացակամ ու մեծ ազգ են, և մարդիկ այստեղ լավն են, պատրաստակամ, բարի ու դրական»,- ասաց Պլյուշչենկոն։ --0--